«Թուրքիան մեկընդմիշտ փակել է հեղաշրջումների ժամանակաշրջանը». Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատար

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար գեներալ Ումիթ Դյունդարը հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե անվտանգության կառույցների ու դատախազությունների կողմից ձեռնարկված հրատապ միջոցառումների շնորհիվ հեղաշրջման փորձը ճնշվել է:

Թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Դյունդարի հայտարարության մեջ ասված է. ««Պետության ու ժողովրդի միասնականության պատմական օրինակ դրսևորած Թուրքիան ձախողել է այդ հեղաշրջման փորձը: Սակայն այս ընթացքում Թուրքիան, ցավոք, ականատեսը եղավ մի խումբ մարդկանց խելացնորությանն, ովքեր ռմբակոծում ու խոցում են սեփական խորհրդարանը, կառույցները, քաղաքացիներին»:

Դյունդարը նշել է, որ հիմնականում ժանդարմերիայի և օդուժի հրամանատարության ներկայացուցիչներից կազմված խմբի ձեռնարկած շարժումը հենց առաջին պահին մերժվել է ԶՈՒ հրամանատարկան կազմի կողմից:

«Մեր նախագահն ու գլխավոր հրամանատարը, վարչապետը, նախարարները, Թուրքիայի ազգային մեծ ժողովի ներկայացուցիչները զինված ուժերի հետ համերաշխության մեջ լինելով՝ կանգնեցին ժողովրադավարական և արդար երկրի կողքին և կանխեցին այս հեղաշրջման փորձը: Մեր ժողովուրդը կարող է չանհանգստանալ, քանի որ Թուրքիան մեկընդմիշտ փակել է հեղաշրջումների և խունտաների ժամանակաշրջանը», – ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս