Բաժիններ՝

Թուրքիայի նախագահն ու վարչապետը հեղաշրջման փորձի համար մեղադրում են գյուլենականներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աթաթուրքի օդանավակայանում հայտարարել է, որ շարունակելու է մնալ երկրում, քանի դեռ իրադրությունը չի կարգավորվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նա կատարվածում մեղադրել է ԱՄՆ­ում քաղաքական ապաստան ստացած Ֆեթուլլահ Գյուլենին և նրա կողմնակիցներին` հայտարարելով. «Ձայնս ուղղում եմ Փենսիլվանիային (խմբ.­ հենց այդտեղ է բնակվում Գյուլենը): Բավական է, որքան դավաճանեցիր այս պետությունն ու ազգին:

Եթե կարոտել ես, արի քո հայրենիք: Այդտեղից ուժդ չի հերիքի այս երկիրը խառնելու համար»: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ: «Քանի դեռ իրադրությունը չի հանդարտվել, այստեղից գնալ չկա: Ես էլ չեմ գնալու: Միասին ենք, այստեղ ենք մնալու»,­ ասել է նա:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ևս հեղաշրջման փորձի համար մեղադրել է գյուլենականներին և «զուգահեռ կառույցին»: «Մեկ անգամ ևս տեսանք, որ սրանք ահաբեկչական խմբավորումից էլ վտանգավոր կառույց են»,­ ասել է նա: Թվիթերյան իր միկրոբլոգում արած գրառման մեջ վարչապետը նշել է, որ փորձը դատապարտված էր ձախողման: Յըլդըրըմը հորդորել է քաղաքացիներին չթողնել հրապարակները և չցրվել:

«Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին: Թող նրանք չհեռանան, օրը լուսանալուն պես տներից թող դուրս գան և իջնեն հրապարակ: Աստծո կամքով այս ամենն էլ կանցնի և այս ամենի համար հաշիվ կպահանջենք»,­ ասել է Յըլդըրըմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս