Թուրքիայում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել. ԱԳՆ-ն նրանց համար բացել է թեժ գիծ
Նախնական տեղեկություններով` Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Այս մասին հայտարարում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` միաժամանակ տեղեկացնելով, որ Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ։ «Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552», հայտնում է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 15ի գիշերը հրաձգություն է սկսվել, քաղաքի վրայով ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները թռիչքներ են իրագործել, երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել։ Թուրքիայում ձախողված հեղաշրջման ժամանակ տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է 90 մարդ:
Վիրավորների թիվը հասնում է 1154-ի: Հեղաշրջման փորձի համար ողջ երկրում ձերբակալվել է թուրքական զինված ուժերի 1563 անդամ, 5 գեներալ, 29 գնդապետ ազատվել են պաշտոնից: