Բաժիններ՝

Անդրեյ Լոշակ. «Այս պատմությունները հույս են ներշնչում»

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում ռուսաստանցի հայտնի հեռուստալրագրողը ներկայացրեց «Ավրորա» մրցանակի հավակնորդների մասին ֆիլմերի պատրաստման գործընթացը:

«Ավրորա» մրցանակի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցության շրջանակում ռուսաստանյան հեռուստատեսային «ТЭФИ» մրցանակի դափնեկիր Անդրեյ Լոշակը վարպետության դաս վարեց կինոփառատոնի մասնակիցների համար։

Հայտնի հեռուստալրագրողի հեղինակած վավերագրական կարճամետրաժ ֆիլմերը ցուցադրվել էին այս տարվա ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցած «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխության ընթացքում:

«Ես չգիտեմ՝ այս հանդիպումը ինչ կարող է հաղորդել ձեզ մասնագիտական աճի առումով, քանի որ տեխնիկապես սրանք հերոսների հինգ րոպեանոց դիմանկարներ են ընդամենը,-ելույթի սկբում նշեց Լոշակը,- սակայն համոզված եմ, որ հոգևոր և բարոյական տեսանկյունից ինչ-որ բան, այնուամենայնիվ, կփոխանցի, քանի որ ըստ իս՝ արժե ականատեսի աչքերով պատմել այս մարդկանց մասին»։

Լոշակը մանրամասնորեն նկարագրեց Պակիստանում և Ռուանդայում իր խմբի նկարահանումների նախապատրաստական փուլի մանրամասները՝ շեշտելով այն տպավորությունն ու խոր ազդեցությունը, որը նրանք ստացան «Ավրորա» մրցանակի հերոսների հետ անձնական շփումից։ Նրա խոսքով՝ շատ հաճախ մարդկանց հենց նմանատիպ ոգեշնչող պատմություններ են պակասում։

Loshak 2

«Բացասական ֆոնը սկսում է ճնշել քեզ՝ որպես լրագրողի, և կառավարել քո քայլերը, ու մոռանում ես, որ մարդկանց ոգեշնչել է պետք։ և ահա հայտնվում է «Ավրորա» մրցանակը։ Ես հրաշալի գիտակցում եմ դրա ազգային ենթատեքստը, քանի որ ե՛ւ Ցեղասպանության թեման է ինձ համար հարազատ՝ հայրս հրեա է, ե՛ւ ես հասկանում եմ դրա համաշխարհային նշանակությունը։ Մենք բոլորս ոգեշնչման կարիք ունենք, իսկ այս պատմությունները հույս են ներշնչում, որ բարին ունակ է հաղթելու չարին։ Ինձ համար սա կարևոր էր»,- ասաց Անդրեյ Լոշակը՝ խոսելով «Ավրորա» մրցանակի հետ համագործակցելու իր որոշման մասին պատմելիս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս