«Սպասվում են 800 միլիոն դոլարի կարգի ներդրումներ». Արծվիկ Մինասյան
Արդյունաբերական ոլորտում ունենալու ենք երկնիշ թվին մոտ աճ: Այս մասին այսօր հայտնեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ ներկայացնելով իրենց նախարարության մոնիտորինգի արդյունքները:
Նախարարը հայտնեց, որ 6 ամսվա կտրվածքով Հայաստանի արդյունաբերության արտադրանքը, ներառյալ՝ էներգետիկան, ընթացիկ գներով կազմելու է մոտ 10 տոկոս, իսկ եթե դա վերածենք համադրելի գների՝ կունենանք 14 տոկոսին մոտ արդյունաբերական արտադրանքի աճ:
Ա. Մինասյանը նշեց, որ ներդրումային քաղաքականության մասով բազմաթիվ հանդիպումներ են եղել, և ակնկալվում է, որ առաջիկայում ականատես կլինենք կոնկրետ ուղղություններով ներդրումների. «Ընդ որում, աշխարհագրական բաշխվածությունը թե՛ Չինաստանն է, թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Եվրոպական միության երկրները: Մենք մինչև աշուն ակնկալում ենք նաև էական ներդրումներ հանքարդյունաբերության ոլորտում, մասնավորապես՝ նույն Ամուլսարի շահագործման շրջանակներում են սպասվում ներդրումներ, պղնձաձուլարանի մասով են սպասվում խոշորածավալ ներդրումներ: Ազատ տնտեսական գոտիների և ավելացված արժեքի հարկի, մաքսատուրքի ազատման մեխանիզմներով այս պահի դրությամբ արդեն իսկ ունենք ներդրումային խոստումներ: Մոտ 800 միլիոն դոլարի կարգի ներդրումներ են սպասվում»:
Հարցին՝ Ձեր գնահատմամբ՝ ՀՀ տնտեսությունը հիմա ճգնաժամայի՞ն է, թե՞ վերելք է ապրում, նախարարն այսպես պատասխանեց. «Եթե համեմատելու լինենք տնտեսությունը ԵՏՄ-ից առաջ իրավիճակի հետ, ապա հիմա, կարծես թե, վերականգնման շրջան է, որովհետև ԵՏՄ մուտքի առաջին շրջանում, որոշակի շփոթի պատճառով, էականորեն դեպի նվազում գնաց, հետո աստիճանաբար սկսեց վերականգնվել: Հիմա մենք աստիճանաբար վերականգնում ենք այդ դիրքերը, որոնք ունեցել ենք, բայց կտրուկ զարգացման մասին դեռևս վաղ է խոսել: Կտրուկ զարգացումը կգա այն ժամանակ, երբ մեր ստրատեգիական ուղղվածության մոդելն ամբողջությամբ կսկսի աշխատել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: