Ստամբուլում անվտանգության խոստացված միջոցներ են ձեռնարկվում
Ֆրանսիայի ազգային օրվան նվիրված բոլոր միջոցառումները Թուրքիայի տարածքում անվտանգության նկատառումներից ելնելով չեղյալ հայտարարելուց հետո թուրքական ուժայինները Ստամբուլում անվտանգության խստացված միջոցներ են սկսել ձեռնարկել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ստամբուլում Ֆրանսիայի հյուպատոսարանի շենքի մոտ հատուկ ուժային ոստիկաններ են, իսկ «Մարմարայ» երկաթուղու բոլոր մուտքերում ստուգվել են ուղևորներն ու նրանց պայուսակները:
Նախօրեին Ֆրանսիայի դեսպանության պաշտոնական կայքը հայտարարություն տարածեց այն մասին, որ Անկարայում Ֆրանսիայի դեսպանությունը և Ստամբուլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունն անվտանգության նկատառումներից ելնելով փակվել են: Թուրքիայում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունները հուլիսի 13-ից` տեղի ժամանակով 13:00-ից, փակ կլինեն մինչև համապատասխան հրահանգը:
Միաժամանակ չեղյալ են հայտարարվել Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում հուլիսի 14-ին նախատեսված տոնակատարությունները` նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին: