
«Ալիևի հայտարարությունը պատրանք է»

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմ:
«Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ խոսք չի կարող լինել Ղարաբաղի ինքնավարության մասին Ադրբեջանի կազմից դուրս, պարզապես պատրանք է: Թերեւս, այս պարագայում ամենավատ սցենարը կլինի այն, որ վերսկսվեն ռազմական գործողությունները, սակայն այժմ դրա հավանականությունը շատ մեծ չէ, քանի որ ողջ գործընթացն այսօր հայտնվել է խոշոր դերակատարների վերահսկողության տակ, որոնք կարծես այդքան էլ շահագրգռված չեն ռազմական գործողությունների վերսկսմամբ»,- ասաց նա:
Գագիկ Հարությունյանի խոսքով՝ այսօր Ադրբեջանը ստիպված է ինչ-որ ագրեսիվ քայլեր անել՝ ելնելով երկրի տնտեսական, սոցիալական վիճակի վատթարացումից, սակայն դրական է համարում այն, որ գոնե վերջին ժամանակահատվածում սահմանային լարվածությունը նվազել է:
Անդրադառնալով հուլիսի 8-ին Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ նա նշեց, որ այս մեկը էապես տարբերվում է նախկիններից:
«Այս գագաթնաժողովի ընթացքում ձևավորվեց մի նոր ձեւաչափ՝ արեւելյան երկրների համախմբում ՆԱՏՕ-ի հովանու տակ: Կարող եմ ասել, որ փոխվել է ՆԱՏՕ-ի տրամաբանությունը. այն այժմ փորձում է ակտիվացնել նաեւ արեւելյան ճակատը»,-ասաց Գագիկ Հարությունյանը: