Բաժիններ՝

«Երբ հավատում ես՝ սարերն էլ կտեղաշարժես, աստղերն էլ ցած կիջեցնես՝ սիրով, հավատով և հույսով». Էմմա Ասատրյան

Ջազ երգչուհի Էմմա Ասատրյանն ու դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանն իրենց որդու մկրտությամբ, կարելի է ասել՝ հեղափոխություն են կատարել՝ խախտելով ավանդական դարձած «ռեստորանային տմբլտաշով» մկրտությունների սովորույթը: Որդու՝ Անրիի երեք ամսական դառնալու օրը ծնողները կազմակերպել էին նրա մկրտության արարողությունը, որից հետո շրջել են եկեղեցու բակում, բաժանել տարոսիկներն ու գնացել տուն: «Մկրտությանը հաջորդող կերուխումն ու տաշի-տուշիներն ինձ համար նույնն է, թե Սուրբ Պատարագից հետո, կիրակի օրը հաղորդությունը ստանաս և գնաս ռեստորանում նշես»,- մեզ հետ զրույցում նշում է Էմման:

– Կարո՞ղ եք նշել մի քանի ակնառու տարբերություն, որն ի հայտ է եկել Ձեր բնավորության, մտածելակերպի մեջ՝ մայրանալուց հետո:

– Շատերն ասում են, որ արտաքինով փոխվել եմ՝ նկատի ունենալով՝ հայացքս: Դե, երևի կա նման բան, եթե ասում են: Ինչ վերաբերում է բնավորությանս, ասեմ, որ համբերությունս է շատացել: Առաջ, կարծես թե, ավելի խիստ էի, չափի մեջ: Անգամ եղբորս՝ Արթուրիկին, նկատողություն էի հաճախ անում, թե չի կարելի այս ու այն… Իսկ հղիության ընթացքում մի տարօրինակ բան կատարվեց՝ ջղայնանալն ու «չէ»-ն վերացել էր: Ավելի հանգիստ էի դարձել և հիմա էլ շատ հանգիստ եմ: Մանկուց եղել եմ ծայրահեղական՝ կամ ամեն ինչ, կամ՝ ոչինչ: Հիմա կարծես բալանսը պահելու «գործիք» է իմ մեջ քիչ-քիչ տեղավորվում:

Emma Asatryan (13)

Կարդացեք նաև

Emma Asatryan (2)
– Վերջերս եք մկրտել Ձեր բալիկին, ինչի առթիվ և շնորհավորում ենք: Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար մկրտությունն առհասարակ:

– Մկրտությունը եկեղեցու առաջին և սրբարար խորհուրդն է, որը հաստատեց Հիսուս Քրիստոսը՝ ասելով. «Գնացե՛ք, մկրտվե՛ք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով»: Երեխան դեռ չծնված՝ մենք արդեն երազում էինք այդ խորհրդի իրականացման մասին: Ամուսինս՝ Էմանուելը, ասում էր. «Էսա, տղուկս մկրտվի, միշտ առողջ ա լինելու ու լավ»: Մենք հավատում էինք և հավատում ենք, որ դա այդպես է:

Պարզապես խոսքեր չեն: Երբ հավատում ես՝ սարերն էլ կտեղաշարժես, աստղերն էլ ցած կիջեցնես՝ սիրով, հավատով և հույսով:

Emma Asatryan (11) Emma Asatryan (10) Emma Asatryan (15)

– Ի դեպ, հարցազրույցներից մեկում նշում եք, որ մկրտությունից անմիջապես հետո պարզապես շրջել եք եկեղեցու բակում, բաժանել տարոսիկներն ու գնացել տուն: Իսկ ո՞ւր մնաց հայկական ավանդական հնարավորինս «ճոխ տմբլտաշը», որը սովորաբար հաջորդում է մկրտությանը:

Մեզ մոտ մկրտությունը շատ հանգիստ և ներդաշնակ ընթացք է ունեցել՝ նախապատրաստման փուլից սկսած: Ոչ մի ավելորդ իրարանցում: Մկրտությունից մի քանի օր առաջ ես, ամուսինս և մեր տղան մի քանի գնումներ կատարեցինք, մեր Անրիի նկարով լուսանկարներ տպագրեցինք, իսկ երեկոյան ես ինքս պատրաստեցի տարոսիկներ՝ մեր տղայի լուսանկարներով, որոնց վրա գրված էր. «Ես օրհնված Քրիստոնյա եմ»: Մկրտությունից հետո շրջեցինք եկեղեցու բակում, բաժանեցինք տարոսիկներն ու եկանք տուն:

Emma Asatryan (12) Emma Asatryan (6) Emma Asatryan (3) Emma Asatryan (14)

Իսկ ցուցադրական հարսանիքներն ու կնունքները կամ նմանօրինակ «մեծական» և մանկական արարողությունները, չէի ասի, թե քաղքենիություն է, այլ կանվանեի ուղղակի անխելքություն: Մկրտությանը հաջորդող կերուխումն ու տաշի-տուշիներն ինձ համար նույնն է, թե Սուրբ Պատարագից հետո, կիրակի օրը հաղորդությունը ստանաս և գնաս ռեստորանում նշես: Ուրախանալու և նշելու առիթներ դեռ կլինեն և ինքներս էլ կստեղծենք: Իսկ մկրտությունը բոլորովին այլ, շատ նուրբ, թափանցիկ արարողություն է:

– Երեխան ծնվել է երաժիշտների ընտանիքում: Ո՞վ է երգում օրորոցայինը՝ երգչուհի մայրի՞կը, թե՞ դուդակահար հայրիկը:

– Oրորոցային երգում էի և հիմա էլ երգում եմ: Այն իմ ամենամեծ փրկությունն է երեխայի ամենաանհանգիստ պահերին: Դե, մեր պապան և՛ նվագում էր, և՛ նվագում է: Մի հետաքրքիր բան ևս: Հղիության ընթացքում այնքան շատ կարիք ունեի դասական երաժշտության, որ անընդհատ դասական երաժշտություն էի լսում: Ջազ անգամ չեմ լսել: Հիմա նույն այդ երաժշտության ներքո բալիկս քնում է, հանգստանում, ժամերով վայելում Մոցարտ, Պրոկոֆև, Խաչատրյան…

Emma Asatryan (7) Emma Asatryan (4)

– Ինչպիսի՞ն է եղե Ձեր հայրիկի՝ երաժշտական պրոդյուսեր Արթուր Ասատրյանի արձագանքը, երբ նա դեռ նոր էր իմացել, որ պապիկ է դարձել:

– Դե, շատ ուրախ էր ու չափազանց հուզված:

Emma Asatryan (9)

– Դուք միշտ առանձնահատուկ սիրով եք արտահայտվել Ձեր հայրիկի մասին: Սակայն, երբ ինքներս ենք ծնող դառնում, բոլորովին այլ կերպ ենք գնահատում նրանց: Ի՞նչ է փոխվել կամ ավելացել Ձեր վերաբերմունքի մեջ նրա հանդեպ՝ մայրանալուց հետո:

– Մի դեպք պատմեմ միայն, որը շատ պատկերավոր է: Երբ եղբայրս նոր էր ծնվել, մի քանի օրական էր, ինչ-որ պատճառով լաց եղավ և, ինչպես բոլոր բալիկները, շունչը մի փոքր երկար պահեց: Հայրս այնպես հուզվեց, այնպես խառնվեց իրար, որ աննկարագրելի էր: Ես էլ ռիսկով ասում էի, թե իզուր է այդքան խառնվել իրար, բոլոր երեխաներն էլ շունչները երբեմն պահում են, որ վախենալու բան չկա… Շատ ռիսկով էի խոսում: Երբ Անրին ծնվել էր, և նրան նոր էինք տուն բերել, էլի ինչ-որ բանից լաց եղավ և շունչը պահեց:

Emma Asatryan (8)

Ես, որ այդքան խիզախ էի, հանկարծ սկսեցի արցունքներով լաց լինել, հեկեկալ: Ամուսինս չէր հասկանում, թե ի՞նչ է ինձ հետ կատարվում: Նա վերցրեց երեխային, և Անրին անմիջապես հանգստացավ: Իսկ ես լացելով պատմում էի նրան, թե ինչպես էր պապաս հուզվել, երբ եղբայրս շունչը պահել էր, և, որ ես այն ժամանակ նրա անհանգստությունը չէի հասկանում: Երբ ծնող ես դառնում, պատասխանատվությունդ այնքան է մեծանում, որ ամեն բան վերագրում ես քեզ և քո պրիզմայով ես անցկացնում: Իհարկե, խիզախ լինելն ավելի ճիշտ է և լավ: Մնում է միայն իրականացնել:

– Ապագա պլաններում դեռ քանի՞ բալիկ կա, որ պետք է ունենաք և մկրտեք:

Առաջ Աստված: Ինչպես որ Նա կամենա: Կցանկանայինք մի ապերիկ մեր Անրիին, իսկ հետո էլ՝ փոքրիկ Էմիլի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս