
Հուշանվեր դանակով հարվածել է անչափահաս եղբորը. գործն ուղարկվել է դատարան

2016թ. փետրվարի 12-ին հանրակացարանում տեղի ունեցած միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան:
Քրեական գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. փետրվարի 12-ին ժամը 22.30-ի սահմաններում ծխախոտի տուփը եղբոր ուղղությամբ նետելու հետևանքով իրենց սենյակում ծագած վիճաբանության ժամանակ գոռգոռացել և հրել է վիճաբանությանը միջամտած մորը, ինչից զայրացած՝ անչափահաս տղան բռունցքով 1 անգամ հարվածել է եղբոր՝ ամբաստանյալի դեմքին, և դրա հետ կապված նրանց միջև սկսվել է վիճաբանություն: Ըստ մեղադրական եզրակացության՝ այդ ժամանակ տղամարդը գետնից վերցրել է հուշանվեր դանակը և մոտենալով եղբորը՝ դանակով մեկ անգամ դիտավորյալ հարվածել է անչափահասին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող: Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: