«ՆԱՏՕ-ն բոլոր ուղղություններում ճիշտ ուղի է որդեգրել». Կախա Գոգոլաշվիլի

«ՆԱՏՕ-ն կարևոր որոշումներ է կայացնում»,- 168.am հետ զրույցում այս մասին ասաց Թբիլիսիի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի նախնական արդյունքներին:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ պատրաստվում են ամրապնդել ՆԱՏՕ-ի հարավային ուղղությունը, այդ գոտում տեղակայելով չորս բազմազգ բատալյոն. խոսքը Բալթյան երկրներում և Լեհաստանում մյուս տարի տեղակայվելիք ուժերի մասին է: Այնուամենայնիվ, Ստոլտենբերգը հույս ունի, որ ՆԱՏՕ-ն ամրապնդելով սեփական անվտանգությունը, որը մարտահրավերների շրջան է ապրում Ռուսաստանի քաղաքականության հետևանքով, կսկսի նաև երկխոսել Ռուսաստանի հետ, տեղեկացնելով Ռուսաստանին նաև իր ձեռնարկելիք քայլերի մասին:

Կախա Գոգոլաշվիլիի խոսքով՝ ՆԱՏՕ-ն նոր էջ է սկսում և խաղի նոր կանոններ թելադրում աշխարհին, ու հատկապես՝ Ռուսաստանին: Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն հստակ Ռուսաստանին ուղերձ հղեց, որ Ռուսաստանը չի կարող շարունակել մարտահրավեր նետել և խախտել աշխարհակարգը, և հատկապես՝ Արևելյան Եվրոպայում, որի անվտանգության երաշխավորը ՆԱՏՕ-ն է:

Գոգոլաշվիլիի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն հիանալի ռազմավարություն է ընտրել Ռուսաստանի հետ հարաբերություններում. այն է՝ ուժի կիրառում և երկխոսության շարունակություն, որով չի կտրում թելը Ռուսաստանի հետ հարաբերությունների: Վրացի վերլուծաբանի համոզմամբ, սա արդյունավետ է լինելու և պաշտպանելու է ՆԱՏՕ անդամ երկրներին ռուսական սպառնալիքից: Ինչ վերաբերում է Վրաստանին, Ուկրաինային, որոնք ՆԱՏՕ-ի անդամ երկրներ չեն և գտնվում են Ռուսաստանի սպառնալիքի տակ, Գոգոլաշվիլին գտնում է, որ այս հարցն Արևմուտքը ևս կլուծի:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ պատահական չէր, որ Վարշավայի գագաթաժողովից առաջ կայացավ ԱՄՆ պետքարտուղար Քերիի այցը Թբիլիսի, որի ընթացքում կարևոր փաստաթղթեր ստորագրվեցին Թբիլիսիի և Վաշինգտոնի միջև, ինչը հավասարազոր է ՆԱՏՕ-ի հետ կնքվելիք փաստաթղթին, որն ուշանում է ՆԱՏՕ-ի ալյանսային կարգավիճակի հետևանքով: «Վարշավայում հնչող հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Արևմուտքը լուրջ դասեր է քաղել Ռուսաստանի գործողություններից նաև ապագայի համար, և ՆԱՏՕ-ն բոլոր ուղղություններով ճիշտ ուղի է որդեգրել: Ուշագրավ էր նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջև կնքված պատմական պայմանագիրը, սա ևս առանձնահատուկ իրադարձություն է, որին շատերն էին սպասում, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն պետք է համաձայնեցված գործեն, ինչի մասին երեկ խոսեցին Տուսկը, Յունկերը, Ստոլտենբերգը»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀարավայինԿովկասում առկա անվտանգության միջավայրին, Գոգոլաշվիլին ցավով արձանագրեց, որ այն մեկը չէ: Ըստ նրա՝ հարավկովկասյան երեք երկրները բոլորովին տարբեր զարգացման ուղիներ են ընտրել, հետևաբար՝ նաև տարբեր անվտանգության գոտիներ, ինչը, բնականաբար, որոշակի խնդիրներ է ստեղծում: Սակայն, վրացի վերլուծաբանի կարծիքով, ՆԱՏՕ-ն այստեղ ևս խելացի է և չի փորձում բաժանարար գծեր դնել, այլ շարունակել ինտեգրել նաև Հայաստանին, որքանով Հայաստանը կարող է մասնակցել ՆԱՏՕ-ի ծրագրերին: Հայաստանը, ըստ Գոգոլաշվիլիի, լավ օրինակ է երկրի, որն ունի ինտեգրացիոն այլ վեկտոր և արդյունավետ համագործակցություն մեկ այլ ուղղությամբ, ինչը բավարարում է բոլոր կողմերին:

Տեսանյութեր

Լրահոս