«Անհրաժեշտ է նոր թափ հաղորդել՝ օգտագործելով երկու երկրների գործարար հնարավորությունների ողջ ներուժը». Հովիկ Աբրահամյան

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստը:

Ողջունելով հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի մասնակիցներին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, մասնավորապես, վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, Մաքսիմ Սոկոլովին և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ սելաֆների հետևանքով Վերին Լարսի անցակետի շրջանում արգելափակված Հայաստանի քաղաքացիներին ցուցաբերած օգնության և նրանց ավիափոխադրումը կազմակերպելու համար:

Hay-Rusakan handznajokhovi nist6 Hay-Rusakan handznajokhovi nist7 Hay-Rusakan handznajokhovi nist9 Hay-Rusakan handznajokhovi nist10

Իր խոսքում վարչապետը գոհունակությամբ նշել է, որ ընդհանուր առմամբ, աշխատանքային օրակարգը կատարվել է, ինչին նաև նպաստել են տարբեր մակարդակներով պարբերական հանդիպումները, որոնց ընթացքում օպերատիվ կերպով լուծում են ստացել բազմաթիվ հարցեր և ավելացրել, որ Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպել է ընթացիկ տարվա սկզբին Երևանում և դիտարկել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, քննարկել ենթակառուցվածքային նախագծերի և ծրագրերի հեռանկարները:

Կարդացեք նաև

Վարչապետի խոսքով՝ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում արձանագրվել է դրական դինամիկա, որին անհրաժեշտ է նոր թափ հաղորդել՝ օգտագործելով երկու երկրների գործարար հնարավորությունների ողջ ներուժը: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ սերտ փոխգործակցություն է հաստատված տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում, ձևավորվել է համատեղ գիտատեխնոլոգիական ենթակառուցվածք, որը տնտեսական համագործակցության շրջանակում թույլ է տալիս ակտիվորեն զարգացնել նորարարական բաղադրիչը:

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման առումով՝ վարչապետը կարևորել է տարածաշրջանների միջև ուղիղ կապերի հաստատումը և այդ համատեքստում ընդգծել է հայ-ռուսական ապակենտրոնացված հարաբերությունների դերը և Երևանում հաջողությամբ անցկացված 4-րդ միջտարածաշրջանային ֆորումը, առանձնացրել նաև հումանիտար՝ կրթական և մշակութային կապերը, որոնք հատուկ տեղ են զբաղեցնում հայ-ռուսական հարաբերություններում: Վերջում Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ նիստի ընթացքում քննարկվող հարցերը, որոնք ընդգրկում են   հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը   հարցերի ողջ շրջանակը, կնպաստեն երկկողմ կապերի հետագա ամրապնդմանը, ինչպես նաև   կսահմանվեն դաշնակցային փոխգործակցության գործնական բովանդակության նոր ուղղությունները:

Hay-Rusakan handznajokhovi nist1 Hay-Rusakan handznajokhovi nist8

Իր հերթին, Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ այսօրվա նիստը, ինչպես նաև պարբերական հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու հայ-ռուսական տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, գտնելու օպերատիվ լուծումներ տարբեր հարցերի շուրջ:

ՌԴ տրանսպորտի նախարարի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև հաջողությամբ զարգանում է առևտրատնտեսական փոխգործակցությունը, գնալով ավելանում է առևտրաշրջանառությունը, ինչին նպաստել է նաև երկու երկրների՝ միևույն տնտեսական գոտում լինելու հանգամանքը:

Նրա խոսքով՝Ռուսաստանը Հայաստանի տնտեսական գլխավոր գործընկերն է, տարեցտարի ավելանում են ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում՝ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլն: Հաջողությամբ իրականացվում են նաև Ռուսատանի և Հայաստանի միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումները: Մաքսիմ Սոկոլովը վստահություն է հայտնել, որ քննարկվող հարցերը կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում կապերի էլ ավելի ամրապնդմանը:

Նիստում նախ ներկայացվել և ի գիտություն է ընդունվել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստի արձանագրության կատարման վերաբերյալ երկու կողմերի պատասխանատու քարտուղարների հաղորդումը, ապա անցում է կատարվել օրակարգային հարցերին: Քննարկվել են, մասնավորապես, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը և միջտարածաշրջանային համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, ՀՀ և ՌԴ միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրագործման ուղղությամբ 2014-2017 թթ. միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության, միգրացիայի, հումանիտար, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հեռանկարներին և ծրագրերին:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում կայացել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի առանձնազրույցը: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր, կարևորել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների սերտացմանը և առևտրաշրջանառության ակտիվացմանն ուղղված շարունակական քայլերը: Այս համատեքստում, կողմերն անհրաժեշտ են համարել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը և կանոնավոր հանդիպումները:

Տեսանյութեր

Լրահոս