Բաժիններ՝

ԱՄՆ-ը հավելյալ մի քանի տասնյակ միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային

ԱՄՆ-ը Ուկրաինային կհատկացնի հավելյալ 23 միլիոն դոլար պետական օգնություն Դոնբասի բնակիչներին օգնելու նպատակով: Այս մասին ճեպազրույցում այսօր հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

«Ես այսօր ասել եմ նախագահ Պորոշենկոյին, որ ԱՄՆ-ը հավելյալ 23 միլիոն դոլար մարդասիրական օգնություն կհատկացնի այն մարդկանց, որոնք տուժել են Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած հակամարտությունից»,-­ նրա խոսքերը մեջբերել է «РБК-Ուկրաինան»:

Նա նշել է, որ Դոնբասի հակամարտությունը կարելի է լուծել՝ միայն կյանքի կոչելով Մինսկի պայմանավորվածություն­ները:

«Հակամարտությունը լուծել հնարավոր է միայն մինսկյան պայմանավորվածություն­ները կյանքի կոչելով, կրակի դադարեցմամբ, ԵԱՀԿ-ին մատչում տրամադրելով, պատանդներին վերադարձնելով, ընտրությունների անցկացմամբ և Ուկրաինայի ինքնիշխանության վերադարձով»,- հավելել է Քերին:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները, եթե ռուսական կողմը չկատարի Դոնբասում իրավիճակի ապաէսկալացիայի իր պարտավորությունները:

Քերիի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև Ղրիմում ստեղծված վիճակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս