«Մենք պետք է մեր վրացի բարեկամներին ասենք, որ այդպես չի կարելի». Հայկ Բաբուխանյան

«Այն, որ աշխարհի գետերություններն անմիջապես նախագահների մակարդակով և այսպիսի հաճախականությամբ քննարկում են ԼՂՀ կարգավորման հարցը և քննարկում են հարցը համապարփակ լուծում տալու առումով, նշանակում է՝ շատ լուրջ գործընթաց է տեղի ունենում աշխարհի մասշտաբով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Բարաք Օբամա-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի մասին՝ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Նա չի կարծում՝ Ղարաբաղի հարցն այդտեղ առանձնացված մի հարց է. «Իմ կարծիքով՝ այդտեղ համաշխարհային պրոցես է գնում, որը վերաբերում է և Ղարաբաղի հարցին, և Սիրիայի, և Մերձավոր Արևելքի, և Եվրասիական տարածքում Չինաստանի դերի բարձրացմանը, և այլն: Իմ կարծիքով՝ գնում է համապարփակ պրոցես, և Ղարաբաղի հարցն այդտեղ օղակներից մեկն է, բայց շատ կարևոր օղակ է, իսկ մեզ համար, իհարկե, առաջնային կարևորության օղակ է»:

Նրա խոսքով՝ հարցին համապարփակ լուծում տալն անհրաժեշտ է, և, ըստ նրա, գործընթացից մեկուսանալ մենք չենք կարող, և պետք էլ չի, որ մեկուսանանք: Հ. Բաբուխանյանը վստահ է՝ մենք պետք է լինենք շատ ակտիվ բանակցային կողմ, ու պետք է կարողանանք այդ բանակցություններում դրսևորել հնարավորությունները և պահանջները:

«Զինադադարի պահպանման, վերահսկման խնդիրը շատ կարևոր է, սակայն կարծում եմ՝ այդ խնդիրն արդեն դարձել է ընդհանուր, համապարփակ լուծման օղակներից մեկը, և դրա համար հասկանալի է՝ պետք է բոլոր ջանքերը գործադրվեն, որովհետև մենք շահագրգռված ենք, որ խաղաղություն լինի սահմաններում, և այլն»,- նշեց բանախոսը:

Անդրադառնալով վերջերս Լարսում տեղի ունեցած իրադարձություններին՝ Հ. Բաբուխանյանն ասաց, որ, երբ այդ սելավային ջրերը փակեցին միակ ճանապարհը, մենք տեսանք, որ «մեր հարևան և բարեկամ Վրաստանը չհամաձայնեց բացել ալտերնատիվ ճանապարհներ, այն դեպքում, երբ հարյուրավոր կանայք, երեխաներ տանջվում էին»:

«Բարեկամական դրսևորումը կլիներ այն, որ գոնե մեկ անգամ կարելի էր բացել Հարավային Օսեթիայով անցնող ճանապարհը՝ այդ աղետի մեջ գտնվող մարդկանց տեղափոխելու համար: Կարծում եմ՝ այս քայլն էլ մեզ պետք է մտահոգվելու ու մտորելու առիթ տա, ու մենք պետք է մեր վրացի բարեկամներին դրա մասին ասենք, որ այդպես չի կարելի»,- կարծում է Հ. Բաբուխանյանը:

Տեսանյութեր

Լրահոս