
Թբիլիսին ողջունել է վիզաները չեղյալ հայտարարելու Եվրախորհրդարանի որոշումը

Վրաստանի իշխանության ներկայացուցիչները ուրախ են, որ Եվրախորհրդարանի միջազգային հարցերով կոմիտեն այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել է Եվրամիության երկրներ կարճաժամկետ ուղևորությունների նպատակով Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ սահմանելու օգտին և հուսով են, որ շուտով երկրի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի գնալ Եվրոպա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Կոմիտեի անդամները կարծում են, որ այդ երկրները զգալի առաջընթաց են գրանցել այն նպատակների իրականացման հարցում, որը նրանց ներկայացվել էր որպես վիզաները չեղյալ հայտարարելու պահանջ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը՝ հայտնելով, որ նման որոշում ընդունվել է նաև Կոսովոյի նկատմամբ:
Ներկայում տվյալ հարցի շուրջ իրենց կարծիքը պետք է հայտնի նաև քաղաքացիական ազատությունների հարցերով ասամբլեայի կոմիտեն, հաջորդ փուլը պետք է դառնա Եվրախորհրդարանի կողմից վիզային ռեժիմի չեղյալ հայտարարումը:
«Միջազգային հարցերով կոմիտեն դրական է քվեարկել: Հայտնի է, որ ներկայում պետք է քվեարկի LIBE կոմիտեն: Ակնկալում ենք, որ այդ գործընթացների ավարտից հետո կստանանք վիզային ռեժիմի ազատականացում»,- հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն:
Վրաստանի եվրոպական և եվրաատլանդյան կառույցներին ինտեգրվելու հարցերով պետնախարար Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ «ամեն ինչ շարժվում է ճիշտ ուղղությամբ»: