«Պետք է վերացնել կոռուպցիոն ռիսկեր և չարաշահումներ ծնող պատճառները». Լևոն Մկրտչյան
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի համար սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչի հետ կապված չարաշահումների թեման նոր էր: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, որ պետք է կառավարության վերահսկողական ծառայության և Վերահսկիչ պալատի հետ քննարկեն հարցը:
Հիշեցնենք, որ Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ սոցփաթեթների հանգստի բաղադրիչը կասեցվում է, իսկ վերահսկող մարմիններն ուսումնասիրություններ են սկսել հանգստի տներում:
«Եթե մեր համակարգում կան այդպիսի վտանգներ, որ հիմք են դարձել, որպեսզի կասեցվի որոշումը, կփորձենք լուծել մեխանիզմները որոնելու ճանապարհով: Պետք է վերացնել կոռուպցիոն ռիսկեր և չարաշահումներ ծնորղ պատճառները: Ամբողջ աշխարհում այս ճանապարհով են գնում»,- ասաց Լ.Մկրտչյանը:



