Բաժիններ՝

«Տարածաշրջանային մրցակցության առումով տուրիզմի բնագավառում մենք բավականին տուժում ենք». Դավիթ Խաչիյան

168.amի զրուցակիցն է «Լևոն Թրավըլ» ընկերության տուրիզմի բաժնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Դավիթ Խաչիյանը

– Պարոն Խաչիյան, Ձեր կարծիքով՝ վերջին 5-10 տարիներին ի՞նչ քայլեր են արվել, որպեսզի Հայաստանը հետաքրքիր և գրավիչ դառնա արտերկրի զբոսաշրջիկների համար:

– Քայլերը բաժանենք երկու մասի՝ պետության կողմից արվող քայլեր և մասնավոր հատվածի կողմից արվող քայլեր: Մասնավոր հատվածում տուրիստական գործակալություններն իրենց գործն անում են՝ մասնակցում են միջազգային ցուցահանդես-տոնավաճառների, պոտենցիալ գործընկերներին հրավիրում են ճանաչողական այցերի, առավելագույնս գովազդում են թե՛ իրենց, և թե՛ Հայաստանը համացանցի և սոցիալական կայքերի միջոցով: Ընդ որում, երբ մեկնում են ցուցահանդեսների, նրանք ներկայացնում են ոչ միայն իրենց ընկերության պրոդուկտը, այլ ընդհանրապես՝ Հայաստանը (և Արցախը, իհարկե): Այս առումով բավականին մեծ աշխատանք է կատարվում, որպեսզի Հայաստանը ներկայացվի՝ որպես նոր և հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն, և, դրա արդյունքում՝ արտասահմանյան զբոսաշրջիկը ժամանի Հայաստան: Իմիջիայլոց, նկատենք, որ երկրի, որպես բարենպաստ և հետաքրքիր ուղղության գովազդումն ու առաջխաղացումը ոչ թե մասնավոր հատվածի, այլ հենց պետության գործառույթը պետք է լինեն: Մասնավոր տուրիստական ընկերությունները պետք է սահմանափակվեն զուտ իրենց պրոդուկտի առաջխաղացմամբ, գովազդով և, ի վերջո, վաճառքով: Այս առումով պետական համակարգի և մասնավոր հատվածի քայլերը պետք է լրացնեն մեկը մյուսին: Սա ամբողջ աշխարհում ընդունված և իրեն արդարացրած գործելաոճ է:

Պետական համակարգի կողմից կատարվող քայլերն էպիզոդիկ բնույթ են կրում: Տարիներ առաջ կառավարության կողմից ընդունվեց զբոսաշրջության զարգացման հայեցակարգ, որն այսօր հնացել և մոռացության է մատնվել: Ժամանակին Հայաստանը բավականին արդյունավետ ներկայացվեց CNN և Euronews հեռուստաալիքներով: Կազմակերպվում էին ճանաչողական այցեր արտերկրի լրագրողների համար, որոնց նպատակը հենց Հայաստանի՝ որպես բարենպաստ տուրիստական ուղղության, լուսաբանումն ու հանրաճանաչության մակարդակի բարձրացումն էր:

Ավաղ, վերջին տարիներին նման այցելությունների քանակը խիստ պակասել է: Արտասահմանյան հեռուստատեսություններով այլևս գովազդ չի ցուցադրվում: Պատճառաբանությունը, իհարկե, ֆինանսական միջոցների սղությունն է: Շեշտադրումն ավելի շատ դրված է ներքին միջոցառումների վրա՝ տոնակատարությունների, փառատոների կազմակերպում, ներքին զբոսաշրջության խթանմանն ուղղված քայլեր, և այլն: Միանշանակորեն կարելի է ասել, որ պետության մասնակցությունը ներգնա զբոսաշրջության զարգացման հարցերին խիստ նվազել է, ինչը ես խիստ բացասական եմ գնահատում: Տարածաշրջանային մրցակցության առումով մենք խիստ աննախանձելի վիճակում ենք: Օրինակ,Վրաստանը և Ադրբեջանը հսկայական ներդրումներ են անում, որը տարիների ընթացքում տալիս է իր դրական արդյունքը:

Եթե մեկ-երկու տասնամյակ առաջ Հայաստանը կովկասյան տարածաշրջանում միանշանակորեն լոկոմոտիվի դերում էր, ապա հիմա մենք ինչ-որ իմաստով վերածվում ենք Վրաստանի «կցորդի»: Տրամաբանությունը շատ պարզ է. եթե խաղի կանոնները թելադրողը Վրաստանն է, ապա նա, բնականաբար, առաջնային դերը պիտի հատկացնի իրեն, և միայն երկրորդ, երրորդ տեղը՝ Հայաստանին:

Այսօր մենք տեսնում ենք մեծ թվով արտասահմանցի զբոսաշրջիկների, որոնք Վրաստան այցելության ընթացքում, կարծես «իմիջիայլոց», երկու-երեք օրով նաև Հայաստան են այցելում: Ես սա խիստ վտանգավոր եմ համարում ընդհանրապես Հայաստանի համբավի համար: Ի դեպ, ավելի ու ավելի հաճախ մենք տեսնում ենք վրացական համարներով ավտոբուսներ, որոնք շրջագայում են Հայաստանում: Առաջին հայացքից՝ դրանում որևէ վատ բան չկա: Սակայն սա էլ նպաստում է, որ հայաստանյան տուր-օպերատորը, որը, տնտեսագիտական լեզվով ասած՝ ներգնա զբոսաշրջության գործառույթներն իրականացնող հիմնական կապող օղակն է, մնա խաղից դուրս, քանի որ վրացական կողմը հյուրանոցային ամրագրումները կատարում է ուղիղ, օգտագործում է սեփական տրանսպորտային միջոցները, և այլն: Հայկական կողմից նա կարող է վերցնել ընդամենը մի զբոսավար՝ որպես թարգմանիչ և ճանապարհ ցույց տվող: Բնականաբար, այս դեպքում մեր տնտեսությունը որևէ եկամուտ չի ստանում: Վստահաբար կարող եմ ասել, որ անգամ հյուրանոցային ամրագրումների և վճարումների մեծ մասը կատարվում է ստվերային դաշտում:

Այսինքն` ականատես ենք լինում աբսուրդի. Կա զբոսաշրջիկների քանակի աճ, սակայն չկա դրա տնտեսական կամ ֆինանսական դրական արդյունքը: Այս պայմաններում առնվազն տարակուսանք է առաջացնում մեր կառավարության ստեղծած արհեստական խոչընդոտը, երբ սահմանի վրա մեր իսկ տուրիստական ավտոբուսներից ինչ-որ անհասկանալի տուրք է գանձվում: Բացի այդ, վրացական կողմն ամեն կերպ խոչընդոտում է մեր տուրիստական ավտոբուսների մուտքն իրենց տարածք` պահանջելով ուղևորների ցուցակներ, և այլն: Սա այն դեպքն է, երբ մասնավոր հատվածը որևէ բան անել չի կարող:

Մեկ այլ հարց էլ վերաբերում է իրանական ավտոբուսների անարգել անցուդարձին Հայաստանի տարածքում: Մենք, բնականաբար, կողմ ենք, որ տուրիստական հոսքերն աճեն, սակայն ինչո՞ւ՝ ոչ հավասար պայմաններով: Ինչո՞ւ մեր ավտոբուսը չի կարող նման անարգել ձևով մուտք գործել Իրանի տարածք: Նպատակը հստակ է` որպեսզի աշխատի իրանական ավտոբուսը և իրանցի վարորդը: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ մեր տրանսպորտային ընկերությունները և վարորդները պիտի ստորադասված լինեն:

Թուրքիայի պարագայում էլ նույն հարցն է: Յոթ նստատեղից ավելի տարողունակություն ունեցող ավտոբուսների մուտքը Թուրքիայի տարածք արգելված է: Հարց` այդ դեպքում ինչո՞ւ են թուրքական պետհամարանիշերով ավտոբուսներն անարգել «ոտնատակ» տալիս Հայաստանը:

Հենց այստեղ է պետք պետության արագ և օպերատիվ միջամտությունը: Վստահ եմ, որ այս հարցերը նաև ազգային անվտանգության ուշադրության կենտրոնում պետք է լինեն: Չէ՞ որ մենք չգիտենք, թե ինչ է պատմում վրացի զբոսավարը լեհ տուրիստներին Հայաստանի տարածքում…

– Նշեցիք, որ գովազդի պակաս է նկատվում: Համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր դեմքերի այցերը Հայաստան ինչպե՞ս են ազդում Հայաստանի վարկանիշի վրա: Այդպիսով մեր երկիրը հետաքրքիր չի՞ դառնում զբոսաշրջիկների համար:

– Քանի որ այդ այցելությունները լուսաբանվում են միջազգային ԶԼՄ-ների կողմից, բնականաբար, հետաքրքրություն է առաջանում: Իհարկե, դրանք դրական ազդեցություն են ունենում Հայաստանի վարկանիշի և ընդհանուր հետաքրքրության աճի առումով: Օրինակ, Հռոմի պապի վերջին այցելությունը բավականին դրական դեր խաղաց, և մենք նկատեցինք որոշակի աշխուժացում: Սակայն մենք չենք կարող ակնկալել, որ Հռոմի պապը հաճախ կայցելի Հայաստան: Առաջխաղացման և գովազդի գործառույթները պետք է համակարգված լինեն, և նմանօրինակ այցելություններն ընդամենը խթանեն ընդհանուր գործընթացը:

– Իսկ ի՞նչ պետք է արվի, որ նման միջոցառումներն էպիզոդիկ բնույթ չկրեն, այդ այցերի էֆեկտն ինչպե՞ս կարող ենք մեծացնել և զարգացնել:

– Արդեն ասացի վերևում. նման պետական միջոցառումները պետք է միայն լրացուցիչ խթան հանդիսանան երկրի վարկանիշի և ճանաչելիության բարձրացման առումով: Չի կարելի հույսը կապել միայն նման այցերի հետ: Անհրաժեշտ է համակարգված ու հստակ ծրագիր առաջիկա տարիների համար: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ այս ամենը լուրջ ծախսերի հետ է կապված, և, թերևս, առավել հրատապ ծրագրեր կան, որոնց պետությունը պետք է առաջնություն տա: Բայց եկեք հիշենք տնտեսագիտության հիմնական թեզը` սահմանափակ միջոցների արդյունավետ օգտագործումը: Անգամ սահմանափակ միջոցների պայմաններում հատկացված գումարները կարելի է շատ ավելի արդյունավետ օգտագործել: Այս հոգսը պետությունը պետք է իր վրա վերցնի, սակայն՝ ակտիվորեն համագործակցելով մասնավոր հատվածի հետ: Այստեղ տեղին է երկու կարևոր հանգամանք նշել.

  1. Որևէ բնագավառում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել: Սա տնտեսագիտական օրենք է: Մենք չենք կարող մեր հույսերը կապել միայն հայկական սփյուռքի հետ, որը քաջածանոթ է և ցանկանում է այցելել Հայաստան: Միջազգային շուկա դուրս գալու համար անհրաժեշտ է օտարերկրյա տուրիստին բացատրել, խրախուսել և համոզել, որ իմաստ ունի դրամ ծախսել և գալ Հայաստան: Այս գործընթացը ծախսեր է ենթադրում:
  2. Չգիտես՝ ինչո՞ւ, օտարերկրյա զբոսաշրջիկներին հրապուրելու և Հայաստան բերելու ողջ հոգսը դրված է տուր-օպերատորների վրա, մինչդեռ դրա արդյունքից օգտվում են բառացիորեն բոլորը` հյուրանոցները, տրանսպորտային ընկերությունները, զբոսավարները, ռեստորանները, սրճարանները, խանութները, անգամ` Վերնիսաժում հուշանվեր վաճառողները: Գտնում եմ, որ ամեն մի տնտեսվարող սուբյեկտ պետք է համամասնորեն մասնակցի Հայաստանի միջազգային զբոսաշրջային ճանաչմանը և առաջխաղացմանը: «Խաղի կանոնները» մշակողը կրկին պետք է լինի պետությունը:

Իրականում դրությունը բավականին տխուր է: Տեսեք, այսօր Հայաստանը նույնիսկ պաշտոնապես չունի կայացած տուրիստական պետական համացանցային պորտալ, որը կարելի է առաջխաղացնել, ու դրա միջոցով մարդիկ տեսնեն Հայաստանը: Հիմա ինչ-որ առաջին քայլեր են արվում, բայց դեռ վերջնական արդյունքը պատրաստ չէ: Մենք տեսնում ենք, թե ինչ հսկայական գործ է արվում հարևան Վրաստանում, և ուղղակի բարի նախանձով ենք լցվում: Վախենամ, որ մենք արդեն բաց ենք թողել պահը: Բիզնեսը դանդաղկոտություն չի սիրում: Միջազգային և տարածաշրջանային մրցակցությունը տուրիզմի ոլորտում ավելի քան սուր է: Այս հարցը պետք է նաև շաղկապել մեկ այլ ցավոտ թեմայի հետ: Այն է` քաղաքաշինությունը: Եթե խիստ դատենք` Հայաստանում միայն մեկ կայացած քաղաք կա` Երևանը: Այլ է պատկերը Վրաստանում: Վերջին տարիներին այնտեղ վերանորոգվեցին մեծ ու փոքր բազմաթիվ քաղաքներ, և զբոսաշրջային պրոդուկտն ավելի լայն աշխարհագրություն ձեռք բերեց: Մենք պարծենում ենք մեր Դիլիջանով, Ծաղկաձորով կամ Գորիսով, բայց եկեք ընդունենք, որ այդ բոլոր քաղաքներում տիրում է անհատնում ձանձրույթը: Ուստի թող չզարմանան հյուրանոցներ կառուցող մեր գործընկերները, որ տուրիստները խույս են տալիս այդ քաղաքներից: Եկեք չմոռանանք, որ Հայաստան ժամանած եվրոպացին կամ ճապոնացին, ուտելիքից զատ, նաև այլ հետաքրքրություններ է փնտրում:

Արդեն կարելի է արձանագրել, որ մենք կորցրեցինք հին Երևանը: Իսկ Թիֆլիսում կա հին քաղաք, որտեղ ասեղ գցելու տեղ չկա: Այսօր մենք քաղում ենք մեր արածի ու նաև չարածի պտուղները: Հիմնականում` դառը և անհամ:

Շատ ծանր թեմա է հանքարդյունաբերության զարգացումն ու տարածումը: Հայաստանի բնական հարստությունը, որն իր հերթին՝ գրավում է տուրիստներին, բնությունն է ու կենդանական աշխարհը: Սա հազվագյուտ հարստություն է, որը նաև մեծ հետաքրքրության և եկամտի աղբյուր է: Բայց կա տրամաբանական հակասություն այս ոլորտի և տուրիզմի զարգացման միջև: Բնական հարց է առաջանում` տնտեսագիտական հաշվարկներ կա՞ն, թե մի քանի տասնամյակի կտրվածքով ինչ օգուտ կամ վնաս կբերի Հայաստանին հանքարդյունաբերությունը: Վստահ եմ, որ, եթե խոսենք երկարաժամկետ, սերունդներին ուղղված արդյունքների մասին, ապա տուրիզմը շատ ավելի հեռանկարային արդյունք է խոստանում, հատկապես, որ դրանից չեն տուժի բնությունը և կենդանական աշխարհը: Տնտեսագիտական գնահատական կա, որ ամեն մի տուրիստ միջինում Հայաստան է բերում մոտ հազար դոլար: Մեկ միլիոն տուրիստն արդեն մեկ միլիարդ է բերում: Տասը միլիոնը` տասը միլիարդ: Դարձյալ բերենք Վրաստանի օրինակը, որը տարեկան արդեն վեց միլիոն տուրիստ է ընդունում, իսկ մենք շարունակում ենք պտույտներ գործել մեկ միլիոնի շուրջ: Ի դեպ, նկատենք, որ Վրաստանը սփյուռք, որպես այդպիսին, չունի. շեշտը դրված է հենց արտասահմանցիների վրա:

Վերջերս մենք փոքրիկ հարցախույզ կատարեցինք մեր ռուս գործընկերների շրջանում: Պատասխանը գրեթե նույնն էր` Վրաստանի հանդեպ հետաքրքրությունը շատ ավելի մեծ է, քան Հայաստանի: Կարծում եմ` քաղաքական կամ այլ մեկնաբանություններ անելու կարիք այստեղ չկա: Ինչպես ասում են` խոսքը մաքուր բիզնեսի մասին է:

Այսինքն` տուրիզմը շատ ավելի հիմնարար ու կարևոր թեմաներ է ընդգրկում, քան երևում է առաջին հայացքից:

Ձեր խոսքում անդրադարձաք Հռոմի պապի այցին. երբ նա այցելեց Հայաստան, նշել էր, որ դա ուխտագնացություն է քրիստոնեությունն առաջինը ընդունած երկիր: Հռոմի պապի այս ուղերձը տուրիզմի վրա ի՞նչ ազդեցություն կունենա՝ հաշվի առնելով կաթոլիկների թիվն աշխարհում:

– Չեմ կարող հստակորեն ասել՝ ինչ ազդեցություն կունենա: Ամեն դեպքում, այն, որ հետաքրքրության որոշակի աճ գրանցվեց, հաստատ է, իսկ դրա հետ կապված այցելությունների քանակը կավելանա՞, թե՞ ոչ, կերևա ոչ շուտ, քան այս տարվա վերջին, կամ, ավելի հավանական է, մյուս տարի: Բայց ավելի հավանական է, որ ուղղակի ազդեցություն չի ունենա: Եթե այդ այցին նախորդեր և հաջորդեր պետականորեն ուղղորդված լայնածավալ գովազդային արշավ, ապա արդյունքներն աննախադեպ կլինեին: Իմ տվյալներով` միայն ԱՄՆ-ում կա ավելի քան 3000 քրիստոնեական կազմակերպություն կամ համայնք, որոնք ամեն տարի այցելում են քրիստոնեության հետ կապված որևէ երկիր` ուխտագնացության:

Որպես օրենք՝ նրանք սահմանափակվում են Իսրայելով կամ Իտալիայով ու Վատիկանով, քանի որ երբևէ չեն լսել Հայաստանի մասին… Իսկ մենք ի՞նչ ջանքեր ենք գործադրել, որ այդ համայնքներն իմանան Հայաստանի և Հռոմի պապի այցելության մասին: Միգուցե իմա՞ստ ուներ, որ մեր դիվանագիտական և այլ հաստատություններն ակտիվորեն զբաղվեին այդ հարցով: Եթե չեմ սխալվում` սեպտեմբերին նախատեսվում է Հռոմի պապի այցելությունը Վրաստան: Միասին կտեսնենք, թե ինչպես են վրացիները գովազդում այդ այցելությունն աշխարհով մեկ: Ինչ-ինչ, բայց այդ մի բանը մեր հարևանները շատ լավ են անում:

– Իսկ ընդհանրապես աշխարհում զբոսաշրջիկներին ի՞նչ է հետաքրքրում, ու մենք ի՞նչ ունենք առաջարկելու նրանց:

– Հայաստանն առաջարկում է, այսպես կոչված, ինտելեկտուալ տուրիզմ, որը բավականին մեծ պահանջարկ ունի աշխարհում. որպես քրիստոնեական երկիր, որպես հետաքրքիր բնություն, աշխարհագրություն, պատմություն ունեցող երկիր՝ մենք շատ հետաքրքիր ենք: Հայաստանը գրավիչ է նաև՝ որպես տարածաշրջանային տուրիզմի մաս կազմող երկիր. կարելի է կազմակերպել միասնական տուրեր՝ Իրան-Հայաստան, Վրաստան-Հայաստան, և այլն: Նմանատիպ տուրերը հիմա շատ մեծ պահանջարկ են վայելում: Տարածաշրջանային տուրիզմի առումով Հայաստանը բավականին հետաքրքիր է, ինտելեկտուալ տուրիզմի շուկան էլ հսկայական է: Այն մտավախությունը, թե Հայաստանում չենք կարող զարգացնել տուրիզմը, սին է, ճշմարտությանը չի համապատասխանում: Մեր ունեցած պոտենցիալով մենք կարող ենք հսկայական քանակությամբ տուրիստներ ներգրավել: Դիտարկենք Շվեյցարիան, Փարիզը, Իտալիան… մարդիկ այցելում են այս երկրները, որ տեսնեն հենց ինտելեկտուալ արժեքները: Նույնն ունի նաև Հայաստանը՝ դրան զուգակցելով բնությունը, տուրիզմի նոր տեսակները՝ արկածային, հեծանվային, լեռնային, ձմեռային և այլն: Մեծ հետաքրքրություն կա, և դաշտը բավականին մեծ է: Գրագետ աշխատանքի դեպքում՝ մենք կարող ենք մեծ հոսքեր ապահովել:

Կրկին անդրադառնալով առկա խնդիրներին, չենք կարող չխոսել օդային կապի մասին: Ավիաուղիների պակասը մեծագույն խոչընդոտ է տուրիզմի զարգացման համար: Չնայած «բաց երկնքի» իրականացվող քաղաքականությանը, դրա իրական արդյունքը մենք չենք տեսնում: Ընդհակառակը, առկա է տոմսերի գների սեզոնային աճ և մոնոպոլիզացման միտում: Բազմաթիվ են դժգոհությունները մեր գործընկերների կողմից` դեպի Հայաստան թռիչքների սահմանափակության և բարձր գների հետ կապված: Մի ժամանակ կարծիք կար, որ հայկական պրոդուկտը թանկ է, բայց հիմա մենք կարող ենք առաջարկել բավականին մատչելի ու շատ հետաքրքիր տուր-փաթեթներ` նկատելիորեն ցածր գներով: Սակայն, երբ դրան գումարվում է ավիատոմսը, ապա փաթեթը դառնում է բավականին թանկ հաճույք: Այդպես չէ, օրինակ, Վրաստանում: Նրանք ունեն մի քանի, այսպես կոչված, ցածրագին թռիչքներ, որոնց միջոցով մեծ հոսքեր ունեն հիմնականում Եվրոպայից: Սա ևս պետական քաղաքականությանն առնչվող հարց է, և մասնավոր հատվածն այստեղ պարզապես դիտորդի դերում է:

– Տարբեր երկրներում զարգանում է նաև բժշկական տուրիզմը, մեզ մոտ էլ, օրինակ, ատամնաբուժությունը բավականին զարգացած է, ու հայերի մեծ մասը կարճաժամկետ այցերի ժամանակ օգտվում է ատամնաբուժական ծառայություններից: Ըստ Ձեզ՝ այդ ճյուղը կարո՞ղ ենք զարգացնել, ու ի՞նչ քայլեր պետք է արվեն դրա համար:

– Եթե որպես տուրիզմի ճյուղ դիտարկենք, ապա ատամնաբուժական ոլորտը հիմնականում սպասարկում է սփյուռքահայերին, և այստեղ, ըստ իս, տուրիստական ընկերությունն ըստ էության անելու բան չունի: Նրանք շատ հեշտությամբ, կամ ուղիղ, կամ էլ իրենց բարեկամների միջոցով կապվում են ատամնաբուժարանների հետ և լուծում իրենց հարցերը: Ճիշտն ասած՝ ես այդտեղ չեմ տեսնում տուրիզմի մասնակցությունը: Ես այդ փորձն արեցի, երկու տարի բավական ինտենսիվ աշխատեցի, բայց որևէ արդյունքի չհասա: Ի վերջո, այդ մարդիկ շրջանցում են տուրիստական ընկերություններն ու ուղիղ են կապվում ատամնաբուժարանների հետ:

Այս թեմային է առնչվում նաև առողջական տուրիզմը: Մենք ունենք բազմաթիվ առողջարաններ, որոնք, ամառվա երկու ամիսը չհաշված, հիմնականում պարապուրդի են մատնված: Եթե արտասահմանյան տուրիստներին ներգրավելու ցանկություն կա, ապա այդ սուբյեկտները պետք է առավել մեծ ջանքեր գործադրեն առաջխաղացման և գովազդի ուղղությամբ: Որպես օրինակ՝ կարող ենք դիտարկել Ջերմուկ քաղաքը: Եկեք անկեղծ խոսենք, մեր սիրելի Ջերմուկ քաղաքը մեռնում է: Փորձեք այցելել հուլիս-օգոստոս ամիսներից դուրս և շատ տխուր իրավիճակի ականատես կլինեք` դատարկ ու տխուր մի քաղաք: Մինչդեռ Ջերմուկը հարևան Իրանի քթի տակ է` իր յոթանասուն միլիոնանոց շուկայով: Ի՞նչն է խանգարում ներգրավել այդ հսկայական շուկան դեպի Ջերմուկի առողջարաններ: Այդ դեպքում քաղաքը կսկսի շնչել, ինքնըստինքյան նոր աշխատատեղեր կբացվեն, և այլն: Սակայն կրկին չմոռանանք, որ բիզնեսում արդյունքի հասնելու համար ներդրումներ են պետք: Տվյալ դեպքում` գրագետ կառավարման և գովազդի ձևով: Պետք է հարմարվել նոր պայմաններին: Մթության մեջ պետք է մոմ վառել՝ փոխանակ մթությունից տրտնջալու:

– Դուք՝ որպես տուրիզմի մասնագետ, ի՞նչ առաջարկներ ունեք ոլորտը զարգացնելու համար:

– Մեծ ցանկություն կա, որ պետական մասնակցությունն ավելի առարկայական և արդյունավետ լինի: Ես չեմ ասում՝ ավելի մեծ ֆինանսների տրամադրում, պարզապես նույնիսկ տրամադրված միջոցները կարելի է շատ ավելի արդյունավետ ծախսել: Մենք շատ լավ հասկանում ենք երկրի վիճակը և գերակա խնդիրները: Սակայն արդյունավետ կառավարումը ենթադրում է ոչ միայն այսօրվա հարցերի լուծում, այլև մարտավարական ծրագրերի մշակում և աստիճանական իրականացում:

Վստահ եմ, որ պետք է շատ արագ տեմպերով մշակել տուրիզմի զարգացման նոր հայեցակարգ և պետական ծրագիր` ընդգրկելով ոլորտին առնչվող բոլոր մարմիններին: Հապաղումը կարող է կործանարար լինել մեզ համար: Տուրիզմն իրական գանձ է Հայաստանի համար: Բայց այդ գանձը գտնելու համար պետք է գոնե հողը փորել ու հանել այն: Սրա մասին է խոսքը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս