Բաժիններ՝

ԱՄՆ արդարադատության նախարարությունը փակեց Հիլարի Քլինթոնի նամակագրության մասին գործը

ԱՄՆ արդարադատության նախարար Լորետտա Լինչը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար և Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին մեղադրանք չի առաջադրի ծառայողական նամակագրության գործով, տեղեկացնում է BBC-ն:

Նախօրեին Հետաքննությունների դաշնային բյուրոն ավարտեց Քլինթոնի կողմից անձնական էլեկտրոնային փոստի օգտագործման կանոնների խախտման վերաբերյալ հետաքննությունը:

Եզրակացության մեջ քննիչները նշել էին, որ Քլինթոնը «չափազանց անփույթ» է վարվել գաղտնի տեղեկության հետ, սակայն, չնայած դրան, Հետաքննությունների դաշնային բյուրոն խորհուրդ էր տվել երկրի արդարադատության նախարարությանը քրեական գործ չհարուցել Քլինթոնի նկատմամբ:

«Ես ստացա և ընդունեցի նրանց խորհրդատվությունը՝ դադարեցնել ավելի քան 1 տարի տևող հետաքննությունը և մեղադրանք չներկայացնել գործով անցնող ֆիգուրանտների նկատմամբ»,- ասված է Լինչի հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հանրապետական ներկայացուցիչները վկայություններ տալու համար հրավիրել էին Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմիին:

Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության շուրջ սկանդալը ծագեց 2015թ. մարտին, երբ նա դեռ զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը:

Պարզվել էր, որ Քլինթոնը խախտել է սահմանված կանոնները և ծառայողական նամակագրություն վարել իր անձնական էլեկտրոնային փոստից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս