ՆԱՏՕ-ն հրապարակել է Վարշավայի գագաթաժողովի ծրագիրը
ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որը նախանշված է հուլիսի 8-9-ը Վարշավայում, փաստացի տևելու է 1 օր: Այն կմեկնարկի ուրբաթ՝ օրվա երկրորդ կեսին և կավարտվի հաջորդ օրը:
Հրապարակված ծրագրի համաձայն՝ գագաթաժողովի բացումից առաջ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը լրագրողներին կներկայացնի հանդիպումների օրակարգը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Գագաթաժողովը մեկնարկելու է Ստոլտենբերգի և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ողջույնի խոսքով: ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների և Չեռնոգորիայի ղեկավարների առաջին հանդիպումից հետո տեղի կունենա Ստոլտենբերգի մամուլի ասուլիսը:
Այնուհետ տեղի կունենա աշխատանքային ընթրիք, որին հրավիրված են Ֆինլանդիան, Շվեդիան, Եվրամիությունն ու Եվրոպական հանձնաժողովը:
Գագաթաժողովի երկրորդ օրը կսկսվեն հանդիպումները Աֆղանստանի հարցով, որին կմասնակցեն երկրի նախագահն ու վարչապետը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի արտգործնախարարները պայմանավորվել էին 2016թ. հետո երկարաձգել օպերացիան՝ ուղղված Աֆղանստանի անվտանգության ուժերի նախապատրաստմանն ու աջակցությանը: Ենթադրվում է, որ Վարշավայի գագաթաժողովը կհաստատի այդ որոշումը: Ենթադրվում է, որ ֆինանսական աջակցությունը մինչև 2020թ. կկազմի մոտ 5 մլրդ դոլար:
Հուլիսի 9-ին կկայանա Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը Հորդանանի, Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի մասնակցությամբ: Գագաթաժողովը կփակվի ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստով, որին կմասնակցի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Զուգահեռ, տեղի կունենան ՆԱՏՕ-ի ռազմական և արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների և գործընկեր երկրների հանդիպումները: Ուրբաթ օրը տեղի կունենա ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը արտգործնախարարի մակարդակով:
Շաբաթ օրը տեղի կունենա ՆԱՏՕ-ի և 25 գործընկեր երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ավստրալիայի, Ավստրիայի, Բահրեյնի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հորդանանի, Իռլանդիայի, Ղազախստանի, Կորեայի Հանրապետության, Մակեդոնիայի, Մարոկկոյի, Մոլդովայի, Նոր Զելանդիայի, ԱՄԷ-ի, Սերբիայի, Թունիսի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Չեռնոգորիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի և Ճապոնիայի պաշտպանության նախարարների հանդիպումը: