«Իսրայելի իշխանությունները Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի գլխին մահակ օգտագործելու միջոց են տեսնում»
Անդրադառնալով Իսրայելի խորհրդարանից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը կրկին հանձնաժողով ուղարկելու փաստին ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօրվա ասուլիսում ասաց՝ թեև Իսրայելի հասարակական շրջանակներում մեծացել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը, սակայն այդ երկրի իշխանություններն այդ քայլին գնալ առայժմ չեն ցանկանում:
«Նրանք այդ քայլին չեն գնում նախ Թուրքիայի մոտ դժգոհություններ չառաջացնելու նկատառումով, բայց միշտ հարցը կպահեն Թուրքիայի դեմ քաղաքական նպատակներով օգտագործելու համար»,- նշեց Մանոյանը:
Նրա խոսքով՝ եթե Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը թողնվի ազատ քվեարկության, այն կարող է ընդունվել, քանի որ Կնեսետի 5-6 կուսակցություններ կողմ են դրան:
Ըստ Կ. Մանոյանի՝ Իսրայելի իշխանությունները Հայոց ցեղասպանության հարցը որպես լծակ են օգտագործում Թուրքիայի դեմ.
«Անցած վեց տարիներին, երբ թուրք-իսրայելական հարաբերությունները լարված էին, Իսրայելի իշխանությունները նույնպես կողմ չեն եղել բանաձևի քվեարկությանը, բայց դեմ էլ չեն եղել հարցի արծարծմանը: Հայ համայնքին սատարող հրեա մտավորականներն այդ ամենում քաշքշուկ են տեսնում` համարելով, որ Իսրայելի իշխանությունները Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի գլխին մահակ օգտագործելու միջոց են տեսնում: Իսրայելի հայ համայնքին էլ, իհարկե, չի գոհացնում այն հանգամանքը, որ բանաձևը կրկին հետ է ուղարկվել հանձնաժողով, քանի որ նրանք ցանկանում են քվեարկություն տեսնել և հասկանալ Իսրայելի իշխանությունների հստակ դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում»: