«Թուրքական պետությունն ավարտել է իր առաքելությունը, առաջիկայում այն կոչնչանա». Ազատ Արշակյան

«Ռուս-հայկական, ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորվում են 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրով. այդ պայմանագիրը գործում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նրա խոսքով՝ ռուս-թուրքական հարաբերությունները հիմա էապես ազդվում են արևմտյան աշխարհի մեծ ճնշումից. «Այսինքն՝ ռուս-թուրքական հարաբերությունները հակադրում են արևմտյան աշխարհի ճնշմանը, այսօր ռուսները և թուրքերը դաշնակիցներ են՝ ընդդեմ արևմտյան աշխարհի, հայ ժողովուրդն արևմտյան աշխարհի մաս է»:

Ա. Արշակյանի կարծիքով՝ թուրքական պետությունն ավարտել է իր առաքելությունը, առաջիկայում այն կոչնչանա, իսկ Ռուսաստանը եթե դառնա ժողովրդավարական՝ կմնա, եթե ոչ՝ կհանձնվի Ղազախստանին, կդառնա թաթար-մոնղոլական:

Խոսելով Երևանում կայացած ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասին՝ Ա. Արշակյանը հայտարարեց, որ այն ուժի ցուցադրում էր: Նրա խոսքով՝ նեոթաթար-մոնղոլական ներկայացուցիչները եկել էին այստեղ՝ ցույց տալու, որ տերն իրենք են, իրենք են որոշելու՝ ինչ պետք է անի Հայաստանը:

«Նրանք այստեղ էին՝ ասելու, որ չեն ուզում հեռանալ Հայաստանից, և, որ մենք իրենց գերին ենք: Այդ հանդիպումների ժամանակ Ռուսաստանը շեշտեց, որ Հայաստանը լիարժեք պետություն չէ: Նա հասկացրեց, որ մենք ՀԱՊԿ-ում ուղղակի գերի ենք: Մենք նստած չենք սեղանի շուրջ, այլ անկյունում միայնակ կանգնած ենք: Մեր և այդ կառույցի անդամ երկրների շահերն ակնհայտորեն չեն համընկնում: Իրականում ՀԱՊԿ-ն չաշխատող կառույց է, իսկ Ռուսաստանն էլ չունի այնքան քաղաքական կամք և տնտեսական ռեսուրս, որ կայսրությունը վերականգնի»,- հայտարարեց Ա. Արշակյանը:

Տեսանյութեր

Լրահոս