Լարսի ճանապարհը կբացվի 4-5 օրվա ընթացքում
Հուլիսի 5-ին Վրաստանի կառավարությունում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:
Հանդիպմանը ներկա էին Վրաստանի վարչապետի առաջին տեղակալ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Նոդար Ջավախիշվիլին և ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Գիորգի Սետուրիձեն:
Նախարարը առաջնահերթ հետաքրքրվեց Լարսում իրականացվող աշխատանքներով: Վրացական կողմը տեղեկացրեց, որ լայնածավալ աշխատանքներ են տարվում և արվում է ամեն ինչ ճանապարհը տրանսպորտային բոլոր միջոցների համար օր առաջ բացելու ուղղությամբ (մոտ 4-5 օրվա ընթացքում):
Հանդիպման ժամանակ քննարկվեցին հարցեր` կապված Վրաստանի տարանցիկ միջանցքի օգտագործման հետ, որն անհրաժեշտ է հայաստանյան բեռնափոխադրումների համար: Նշվեց, որ պետք է զարգացնել այն միջազգային չափորոշիչներին համապատասխան, ինչը առաջնահերթություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար:
Քննարկվեց նաև Եվրոպական տարանցիկ միջանցքի (Ե-60), Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս և Թբիլիսի-Բակուրցիխե-Լագոդեխի ուղղությունների կարևորությունը:
Ե՛վ հայկական, և՛ վրացական կողմերը նշեցին, որ Հայաստանի Հանրապետությունից բեռների փոխադրման արդյունավետ տարբերակ է Վրաստանի տարածքով Ռուսթավի-Սադախլո և Թբիլիսի-Գեգուտի ուղղությունները, ինչպես նաև Խաշուրի-Ախալցխա-Նինոծմինդայից դեպի Հայաստանի Հանրապետության սահման ուղղությունը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանլրատվական ծառայություն