«Ես հավատում եմ՝ եղել է «պայմանավորված պատերազմ». Զարուհի Փոստանջյան

«Ես չգիտեմ՝ ովքեր են իշխանությունից եղել առաջին գծում, ես այնտեղ մարդ չեմ տեսել իշխանավոր»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Լրագրողի այն հարցին, թե որտե՞ղ էր Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլյան պատերազմի օրերին՝ հաշվի առնելով, որ Ազգային ժողովում հայտարարություն եղավ, որ իշխանության ներկայացուցիչներն առաջնագծում էին, իսկ որոշ կուսակցության ղեկավարներ՝ օվկիանոսից այն կողմ, Զ. Փոստանջյանը պատասխանեց, որ ինքը որևէ իշխանավորի առաջնագծում չի տեսել:

«Ես տեսել եմ մեր երիտասարդներին առաջին գծում, և տեսել եմ այն տեսանյութը, որտեղ նրանք հայտարարում են, որ թշնամին մոտենում է, և ցանկանում են պաշտպանվել, բայց դեռ չունեին հրաման: Եթե կարիքը լինի՝ ինքս էլ կզինվորագրվեմ, բայց մենք այդ պարտականության ներքո չենք: Եթե կարիքը լիներ լինելու առաջին գծում, ապա կլինեինք, բայց այլ անձանց կարիքն է եղել լինելու առաջին գծում և պաշտպանության վերաբերյալ հրաման արձակելու, որը տեղի չի ունեցել: Այդ հարցը պետք է ուղղեք այն անձանց, ովքեր այդ պարտականությունների ներքո են գտնվում, իսկ այդ անձը Սերժ Սարգսյանն էր, որն օվիկանոսից այն կողմ էր գտնվում, և պարզ չէ, թե նա ինչ հրաման է տվել»,- նշեց Զ. Փոստանջյանը:

Նա ասաց, որ հավատում է, որ եղել է «պայմանավորված պատերազմ», և առաջին օրն են եղել հիմնական զոհերը, որովհետև չի եղել համապատասխան հրաման՝ պաշտպանություն իրականացնելու: Նա կարծում է՝ պայմանավորվածությունը եղել է Սերժ Սարգսյանի և այլ անձանց միջև:

Հարցին, թե թշնամու հե՞տ է եղել պայմանավորվածությունը, Զ. Փոստանջյանն այսպես պատասխանեց. «Իհա՛րկե թշնամու հետ, բա էլ ո՞ւմ հետ, իհարկե, այստեղ եղել է նաև երրորդ կողմ: Հենց այնպես չէր, որ Սերժ Սարգսյանը Կազանում հայտարարում էր, որ պետք է հանձնի հայապատկան տարածքները»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս