Երևանի մտոցները նոր տեսք են ստանում
Երևանում մեկնարկել է «1000 ու մի մտոց» քաղաքային նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է քաղաքային հին մտոցները (լյուկերը) փոխարինել յուրօրինակ ոճային և թեմատիկ լուծումներով չուգունից ձուլված նոր մտոցներով: Նախագծի նպատակն է գունազարդել շրջապատող միջավայրը քաղաքի բնակիչների համար, Երևանը հաճելի և գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար և այս կերպ նպասել քաղաքային արվեստի զարգացմանը:
Նախագծի շրջանակներում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում արդեն տեղադրվել է առաջին գունազարդ մտոցը՝ նվիրված Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետին: Նախագիծը նախատեսում է նույն տարածքում առկա ևս 50 մտոցներին հայկական երաժշտության մոտիվներով նոր գեղագիտական շունչ հաղորդել:
Նախագիծն իրականացվում է ImYerevan.com և Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորի ջանքերով և մտահղացմամբ:
«1000 ու մի մտոց» քաղաքային նախագծի շրջանակներում առաջարկվել է ներկայացնել մտոցների կափարիչները 4 տարբեր ոճերով` պատմական (հին մետաղադրամների նմանությամբ կամ հայկական զարդանախշերի օգտագործմամբ), ժամանակակից արվեստ (իլյուստրացիաներ, ինչպես նաև գրաֆիկական դիզայն), նավիգացիոն (քաղաքի հայտնի և հետաքրքիր վայրերն ուղղորդող նշաններով), կրթական (հետաքրքիր փաստեր, հայտնի հայերի մտքեր և թևավոր խոսքեր):
Մտոցների կոնցեպտի վրա ցանկություն են հայտնել աշխատել Երևանի հայտնի դիզայներներ՝ Վահան Բալասանյանը, Վաձ Ղազարյանը, Նոնա Իսաջանյանը, Վիլիամ Կարապետյանը, Ռուբեն Մալայանը, Ալիսա Մալոյանը և այլոք:
Համապատասխան թույլտվության առկայության պարագայում, նախատեսվում է նմանատիպ աշխատանքներ իրականացնել Կասկադի տարածքում, որտեղ նախատեսվում է մոդեռն ոճով «վերակենդանացնել» 33 մտոց, իսկ Հանրապետության հրապարակի տարածքում հայկական զարդանախշերի շնորհիվ նախատեսվում է ցուցանմուշ դարձնել ևս 40 մտոց: