
Իրանը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը Թուրքիայի հետ. Ռոուհանի

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իրանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման համար կան բոլոր պայմանները: Այս մասին տեղեկացնում է Իրանի IRNA գործակալությունը:
Հասան Ռոուհանին շնորհավորել է Թուրքիայի նախագահին, թուրք ժողովրդին մուսուլմանների համար սրբազան Ռամադան տոնի կապակցությամբ:
Իրանի նախագահի խոսքով՝ Իրանն ու Թուրքիան պետք է միավորեն ջանքերը տարածաշրջանի խնդիրները լուծելու նպատակով, մասնավորապես, ահաբեկչության կանխարգելման հարցերում, քանի որ շատ հարցերում երկու երկրներն ունեն ընդհանուր դիրքորոշում:
Ընդգծելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի անհրաժեշտությունը՝ Ռոուհանին ասել է, որ դա կարևոր քայլ կդառնա երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար:
Էրդողանն իր հերթին ընդգծել է, որ Անկարան նույնպես հանդես է գալիս Թեհրանի հետ համագործակցության ընդլայնման օգտին: