Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. զոհվել է 7 մարդ
Թուրքիայի հյուսիսարևելյան Գիրեսուն նահանգում երկրի ռազմաօդային ուժերին պատկանող S-70 ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, հաղորդում է RIA Novosti-ն:
Այս մասին հայտնել է Գիրեսունի քաղաքապետ Քերիմ Աքսուն:
«8 մարդ վիրավորվել է, նրանց թվում կան նաև ծանր վիճակում գտնվողներ»,- հայտնել է Աքսուն NTV հեռուստաալիքի եթերում:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ կործանված ուղղաթիռում գտնվել է 15 մարդ, այդ թվում՝ ժանդարմերիայի բարձրաստիճան սպաներ և նրանց ընտանիքի անդամները: Նրանց թվում եղել է նաև Գիրեսուն նահանգի ժանդարմերիայի պետը:
Պատվիրակությունը մտադիր էր այցելել երկրի հարավարևելյան նահանգներում ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինվորականների ընտանիքներին:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ուղղաթիռի կործանման պատճառն ամենայն հավանականությամբ եղել է վատ եղանակը: