
«Ալեքս Գրիգը» Հարկայինի թիրախում չէ

Պետական եկամուտների կոմիտեն արդեն տարիներ շարունակ հատուկ հսկողություն է սահմանել առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքումների վրա և անբարեխիղճ տնտեսվարողներին տուգանքների է ենթարկում: ՊԵԿ հրապարակած վիճակագրությունը ցույց է տալիս, որ խախտումների դինամիկան որոշակի նվազում է: Օրինակ՝ այս տարվա հունիսին գրանցվել է նման խախտումների 98 դեպք՝ անցած տարվա հունիսի 149 դեպքի փոխարեն: Սակայն ուշագրավ է, որ տուգանքների գումարային մեծությունն ավելի է եղել՝ այս տարի հունիսին կազմելով շուրջ 115 մլն, իսկ նախորդ տարի հունիսին՝ շուրջ 80 մլն դրամ:
Տուգանքների միջին չափը 1-3 մլն դրամ է: Առավել բարձր խախտումներով հունիսին աչքի են ընկել «ՍԱՍ գրուպը»՝ 4 մլն, «Գրանդ Քենդին»՝ 8 մլն, «Սլավ գրոպը»՝ 4մլն դրամ, և այլն: Ուշագրավ է, որ անցած ամիս Հարկայինի թիրախում ոչ մի անգամ չի հայտնվել պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը նախկինում հաճախակի տուգանվել է առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների համար: