Բաժիններ՝

Մահացել է աշխարհի ամենատխուր արջը

Արթուրո անունով աշխարհի ամենատխուր սպիտակ արջը մահացել է Արգենտինայի Մենդոսա քաղաքի կենդանաբանական այգում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով The Telegraph-ին:

Արթուրոն 31 տարեկան էր: Նա ծնվել է ԱՄՆ-ում, իսկ 8 տարեկանում հայտնվել է Արգենտինայում: Արջը հայտնի է դարձել իր կողակից Պելուսայի մահվանից հետո, երբ կենդանաբանական այգու այցելուները տեսան միայնակ «սգացող» Արթուրոյին: Կենդանիների պաշտպանները պնդում էին, որ գիշատիչի մոտ դեպրեսիայի և հոգեկան առողջության խնդիրներ էին ի հայտ գալիս:

2014 թ. Արթուրոն կենդանիների պաշտպանների վեճի առիթ դարձավ: Այն ժամանակ Greenpeace-ի ակտիվիստները հանրագիր էին ստեղծել՝ պահանջելով տեղափոխել կենդանուն Կանադա. Արգենտինայում արջն ապրում էր նեղ բետոնե վանդակում, իսկ սառնությամբ նրան ապահովում էր միայն ոչ շատ խորը լողավազանը: Ինտերնետում հայտնվել էին նկարներ, որոնցում գիշատիչը տանջված տեսքով պառկած էր փորի վրա: Սակայն կենդանու պատկառելի տարիքի պատճառով փոխադրումը տեղի չունեցավ:

Նախորդ ամիս Մենդոսայի կենդանաբանական այգին այցելությունների համար փակ էր: Հայտնի է, որ դեկտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում այստեղ մահացել է 64 կենդանի: Իշխանությունների տվյալներով՝ կենդանիների մահվան պատճառ է դարձել բակտերիալ ինֆեկցիայի բռնկումը: Քաղաքային խորհուրդը տեղեկացրել է, որ կենդանաբանական այգին կդառնա բնապահպանական տարածք, իսկ կենդանիներին կտեղափոխեն ավելի հարմար տեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս