Juno կայանը յուրահատուկ տեսանյութ է ուղարկել Երկիր
Յուպիտեր մոլորակի հետազոտման համար ստեղծված Juno կայանը Երկիր է ուղարկել յուրահատուկ տեսանյութ, որում կարելի է տեսնել՝ ինչպես են արբանյակները պտտվում Յուպիտերի շուրջն ու իրականացնում ամբողջական պտույտ մոլորակի շուրջը: Բացի այդ՝ կայանը սկսել է պատրաստվել գիտական առաջին տվյալների հավաքման գործընթացին, որը Երկիր կուղարկվի օգոստոսի վերջին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել են առաքելության մասնակիցները:
«Juno-ի վրա տեղադրված տեսախցիկն առանձնահատուկ է: Այն կարող է ստանալ այնպիսի որակի ու տեսքի նկարներ ու տեսանյութեր, ինչպիսին կլիներ, եթե դուք նստեիք կայանի տախտակամածին ու նկարեիք Յուպիտերը ձեր iPhone-ի կամ այլ սմարթֆոնի միջոցով»,-լրագրողներին ասել է մասնագետներից մեկը:
Առաքելության գիտական ղեկավար Սթիվ Լեվինի խոսքով՝ գիտական առաջին տվյալները կստացվեն ոչ շուտ, քան օգոստոսի 27-ը, երբ գիտնականները կմիացնեն ու կրկնակի կստուգեն Juno-ի բոլոր գործիքները, որոնք անջատվել են Յուպիտերին մոտենալիս:
Հետազոտող կայանի հիմնական խնդիրը կլինի ուսումնասիրել մոլորակի քիմիական կամզը, մասնավորապես, կգնահատի թթվածնի ու ջրի քանակը, որը թույլ կտա նեղացնել գազային հսկայի ձևավորման վարկածների շրջանակը: ՆԱՍԱ-ի հաշվարկներով՝ Juno-ն առնվազն 37 պտույտ կկատարի, որի ժամանակ կուսումնասիրի Յուպիտերի ամպերը: