
Մահացել է իրանցի աշխարհահռչակ ռեժիսոր Աբբաս Քիարոսթամին

Իրանցի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, երկրում Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի միակ դափնեկիր Աբբաս Քիարոսթամին մահացել է 76 տարեկանում, հայտնում է BBC-ն: Նա համարվում էր իրանական կինոյի «Նոր ալիքի» առաջատարներից մեկը։
Աբբաս Քիարոսթամիի մոտ մարտին ախտորոշվել էր ստամոքսաաղիքային տրակտի քաղցկեղ: Նա բուժում էր ստանում Ֆրանսիայում, որտեղ էլ մահացել է:
Ռեժիսորը Կաննում գլխավոր մրցանակի էր արժանացել 1997թ. իր «Բալի համը» ֆիլմի համար: Այն մինիմալիստական ֆիլմ է մի տղամարդու մասին, ով որոշել է ինքնասպան լինել: Դա նրա կինոկարիերայում յոթերորդ աշխատանքն էր: Ռեժիսորի կարիերան սկսվել էր 20 տարի առաջ՝ մինչ 1979թ. Իրանի իսլամական հեղափոխությունը:
Նա կինոաշխարհ մուտք գործեց գեղանկարչությունից և գրաֆիկական դիզայնից: Չնայած հեղափոխությունից հետո Իրանում ստեղծված քաղաքական մթնոլորտին՝ նա այդպես էլ չլքեց Իրանը:
Քիարոսթամին մեծ ազդեցություն է գործել իրանցի ռեժիսորների մի ողջ սերնդի վրա: