Արթիկցիների տներով մինչև հիմա ջուր է հոսում, բայց քաղաքապետը պնդում է. «Այս պահին որևէ վթարային տուն չկա»
Հունիսի 24-ին Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղից հետո տնից զրկված 70-ամյա Լյովա Մովրովյանն ընտանիքի հետ մինչև հիմա մնացել է դրսում: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ սելավի երկրորդ օրն Արթիկ այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է իրեն ապահովել բնակարանով, բայց մինչև օրս դեռ դրսում է. «70 տարեկան մարդ եմ, այսօրվա օրով մնացել եմ դրսում: Մինչև հիմա ջուրը տանս միջով գնում է: Տեսնում եք՝ տեխնիկան բերել են, բայց բերած տեխնիկան չի աշխատում, արդեն 7 հատ բերին ու հետ տարան: Հիմա Պեմզաշեն գյուղում՝ աղջկաս տանն եմ գիշերում: Անասուններ էլ եմ ունեցել. երեք հորթ եմ ունեցել, մեկը կենդանի մնաց, բայց երկուսը չկան. հիմա թե ջուրն է տարել, թե տիղմի տակն են մնացել-խեղդվել՝ չգիտեմ»:
Սրանք հենց այն կենդանիներն են, որոնց վրայով, բնակիչների պնդմամբ, ջուրը հոսում ու լցվում է արթիկցիների այգիները: Հիշեցնենք, որ Արթիկի տուժած բնակիչներին օգնելու եկած կամավորներն այս խնդիրը բարձրացրին քաղաքապետի մոտ, վերջինս նրանց խորհուրդ տվեց շինարարներին դիմել այդ հարցով: «Տհաճ հոտն այլ բան է, խոլերան՝ այլ»,- մասնավորապես ասել էր քաղաքապետը:
Լյովա Մովրովյանի կինը՝ 68-ամյա Գոհար Մովրովյանն էլ մեզ հետ զրույցում հավելեց, որ, թեև վարչապետը խոստացել է իրենց բնակարանից էլ լավ բնակարանով ապահովել, քաղաքապետին հրահանգել է տնով ապահովել իրենց, սակայն մինչև հիմա քաղաքապետը «չոր ատկազ» է գալիս. «Մեզ 1 մլն 900 հազար դրամ փոխհատուցում են տվել, թեև հայտնել էին, որ 4 մլն են տրամադրում: Քաղաքապետն էլ ասում է, որ նման բան հնարավոր չէ»:
Հենց տեղում զրուցեցինք Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արսեն Աբրահամյանի հետ, ով հետևում էր կատարվող աշխատանքներին: Թեև Մովրովյանների տան միջով մինչև հիմա ջուր է հոսում, քաղաքապետն ասաց, որ նրանց տունը վթարային չի գնահատվել ու անհրաժեշտ աջակցությունը տրվել է. «Ես գտնում եմ, որ բնակիչներին տրված աջակցության չափը բավարար է տները նորոգելու համար: Այս պահին որևէ վթարային տուն չկա: Դուք տեսնում եք, որ հիմա որոշ տների միջով ջուրը հոսում է, որոշ տների վիճակը մինչ այս աշխատանքների ավարտը հնարավոր է վատթարանա, լրացուցիչ ուսումնասիրություն կկատարվի, կտրվի այլ գնահատական, և նորից կցուցաբերվի լրացուցիչ աջակցություն: Աջակցության կարիք ունեցող 23 ընտանիքներին տրվել է այդ աջակցությունը»,- ասաց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում