Բաժիններ՝

Սեյրան Օհանյանը խոսել է Հայաստանի և Արցախի զինված ուժերի սպառազինությունը զարգացնելու մասին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համարում է, որ Հայաստանի և Արցախի զինված ուժերը պետք է զարգացնեն սպառազինությունը՝ ապրիլյան պատերազմի իրականության մեջ տեսնելով հակառակորդի կողմից օգտագործած միջոցները։ Գյումրիում, ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հուշակոթողի բացման արարողության շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին, Սերյան Օհանյանը նշել է.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը ԼՂ պաշտպանության բանակի հետ անցկացրել է պաշտպանական ռազմավարական վերանայում և եկել այն եզրակացության, որ պաշտպանության այն բնագիծը՝ ինժեներական առումով՝ ականապայթունային և ոչ ակնապայթունային սարքավորմամբ, համապատասխանում է այսօրվա պատերազմական գործողությունների բնույթին: Լավ կողմից ներկայացված է եղել ՀՀ և ԼՂՀ պաշտպանության բանակի սպառազինության ռազմական տեխնիկայի վիճակը: Այլ բան է, որ իրականության մեջ տեսնելով հակառակորդի կողմից օգտագործած միջոցները, մենք պետք է զարգացնենք, շարունակենք զարգացնել եղածը: Ասել թե՝ այդ ուղղություններով աշխատանք չի կատարվել՝ սխալ է։ Աշխատանք կատարվել է»,­- նշեց Սերյան Օհանյանը:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ իբր որոշակի գործողությունների, այդ թվում՝ նաև կրակի հրամանի ուշացմանը վերաբերող հարցին, Սերյան Օհանյանը փաստեց, որ ապրիյան պատերազմը եղել է առանձնահատուկ և բոլոր օղակների հրամանատարները գործել են ինքնուրույն և տեղում են որոշումներ ընդունել: «Ոչ միայն ապրիլյան քառօրյա պատերազմը, այլ նաև յուրաքանչյուր միջոցառում, որ անցկացվում է զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, մանրամասն վերլուծվում ու արդյուքներն ամփոփվում են ու համապատասխան դասեր են քաղվում: Առաջին հերթին՝ հենվելով դրականի վրա, պետք է կառուցել ապագան: ՀՀ զինված ուժերի ղեկավարությունը, համագործակցելով ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ, այդպիսի վերլուծություններ կատարել է՝ փորձի փոխանակման, փոխադարձ օգնության սկզբունքները հաշվի առնելով, և այդ ամենի հիման վրա մենք կառուցում ենք մեր գործունեությունը, առաջին հերթին, համալրում անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի։ Եվ երկրորդը՝ պատրաստություն, որն ուղղված պետք է լինի մեր մարտական կարողությունների ավելացմանը:

Միշտ են այսպիսի գործողություններ կատարվել։ Յուրաքանչյուրի իրականացումն իր հետ բերում է արդյունքներ և բացահայտում նոր թերությունները: Ապրիլյան պատերազմը եղել է առանձնահատուկ և բոլոր օղակների հրամանատարները գործել են ինքնուրույն և կարողացել են տեղում որոշումներ ընդունել և փոքր ուժերով խնդիրներ կատարել: Այդ սկզբունքն այսօր միջազգային առումով անվանվում է հրամանադրում առաջադրանքով, որը մենք զարգացրել և հասցրել ենք ծրագրային գործունեության: Այսօր ՀՀ և ԼՂ պաշտպանության բանակի յուրաքանչյուր օղակ իրեն ընձեռնված մարտական խնդիրներում ինքնուրույն է գործում: Այն տեսանյութը, որը տեղադրվել էր սոցիալական ցանցում. այդ դիրքում տեղադրված տեխնիկական պայմաններում է, որ տվյալ մարտական գործողության ժամանակ տվյալ դիրքի անձնակազմը հասել է հաջողության՝ ամբողջությամբ ոչնչացնելով ու հետ մղելով այդ խումբը: Կա նաև բնազդային իրավիճակ. ոչ մեկը, դիրքում գտնվելով, երբ վտանգ է զգում, չի սպասի վերադասի հրամանին՝ կրակել թե չկրակել՝ իր կյանքը փրկելու համար։ Այդ ամենը՝ կրակի հրաման չտալը, հենց այնպես խոսակցություն է»,-­ նշեց Սերյան Օհանյանը՝ խորհուրդ տալով չհավատալ նմանատիպ խոսակցություններին:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս