
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը «Մխիթար Հերացի» շքանշան է հանձնել սիրիահայ բժիշկ Ներսես Սարգիսյանին

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հունիսի 24-ին տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողություն, որին մասնակցեցին Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչներ, համայնքային գործիչներ: ՀՀ Նախագահի կողմից, Հանրապետության տոնի կապակցությամբ, Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացմանը բերած նպաստի, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած ավանդի համար շնորհված «Մխիթար Հերացի» շքանշանը բժիշկ Ներսես Սարգիսյանին հանձնել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Շնորհավորելով Ներսես Սարգիսյանին շքանշանը ստանալու կապակցությամբ, Տիգրան Գևորգյանը հաջողություն մաղթեց նրան հետագա հայրենանվեր և ազգանվեր գործունեության մեջ:
Շնորհակալություն հայտնելով նման բարձր պարգևի և ջերմ ընդունելության համար՝ բժիշկ Սարգսիսյանը նշեց, որ իր համար կրկնակի պատվաբեր է շքանշանը ստանալ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, որն այս պատերազմական ծանր պայմաններում շարունակելով իր աշխատանքը՝ անգնահատելի ծառայություններ է մատուցում սիրիահայությանը և հալեպահայությանը՝ մասնավորապես»: