Հռոմի Պապը Հայաստանին և Թուրքիային հաշտվելու կոչ է անում. միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը երևանյան աղոթքին
Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են Երևանում` Հանրապետության հրապարակում, Հռոմի Պապի մասնակցությամբ խաղաղության աղոթքին և էկումենիկ արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Al Jazeera հեռուստաընկերության կայքը գրում է, որ աղոթքի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանին և Թուրքիային հաշտության կոչ է արել, ինչպես նաև հույս է հայտնել, որ Կովկասի տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի: «Թող Աստված օրհնի ձեր ապագան և Հայաստանի ու Թուրքիայի ժողովուրդներին հաշտության ուղու վրա կանգնեցնի: Եվ թող խաղաղություն հաստատվի նաև Լեռնային Ղարաբաղում»,Հռոմի Պապի խոսքերը մեջբերել է կայքը:
«Դիմելով երիտասարդ սերնդին՝ Ֆրանցիսկոսն ասել է՝ ապագան ձեզ է պատկանում: Ձեր մեծերի իմաստությունն ամբարելով՝ խաղաղարարներ դառնալու հնարավորությունն եք ունենում, ոչ թե ստատուսքվոյի նոտարներ, այլ հանդիպման և հաշտության մշակույթի դրական գործիչներ», գրում է կայքը՝ հավելելով, որ Հռոմի Պապի այս խոսքերն արժանացել են հավաքվածների բուռն ծափահարություններին:
Հանրապետության հրապարակում տեղի ունեցած խաղաղության աղոթքին անդրադարձել է նաև Reuters գործակալությունը՝ կրկին ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Հռոմի Պապն իր ուղերձում հայ և թուրք ժողովուրդներին հաշտության կոչ է արել:
Գործակալությունն անդրադարձել է նաև Սրբազան քահանայապետի՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղության կոչին՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև փակ սահմանների առկայության և դիվանագիտական հարաբերությունների բացակայության:
Abc newsն էլ գրում է, որ Երևանի Հանրապետության հրապարակում խաղաղության աղոթքի ընթացքում Հռոմի Պապը ևս մեկ անգամ անդրադարձել է 20-րդ դարի սկզբում Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին և կարևորել է հիշողությունը՝ նման ողբերգությունները հետագայում բացառելու համար: «Հիշողությունը ի վիճակի է նոր և անսպասելի ուղիներ բացել, որտեղ ատելության ծրագրերը կարող են վերածվել հաշտության ծրագրերի, երբ բոլորի համար ավելի լավ ապագա ունենալու հույս է ծագում»,- Պապի խոսքերը մեջբերել է կայքը: Abc news-ը ևս նշում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Հայաստանին և Թուրքիային կոչ է արել գնալ հաշտեցման ճանապարհով, իսկ Լեռնային Ղարաբաղում խաղաղության հույս է հայտնել:
Բրիտանական Daily mail պարբերականը ևս անդրադարձել է Հռոմի Պապի մասնակցությամբ խաղաղության աղոթքին՝ ընդգծելով, որ դա Պապի Հայաստան այցի ընթացքում ամենախոշոր միջոցառումն էր: Պարբերականը նկատում է, որ Վատիկանի տվյալներով` Երևանում խաղաղության աղոթքին մասնակցել է շուրջ 50 հազար մարդ: Daily mail-ը ևս չի շրջանցել Հռոմի Պապի հաշտեցման կոչը հայ և թուրք ժողովուրդներին: «Հռոմի Պապը Հայաստանին և Թուրքիային կոչ արեց հաշտվել ու ասաց. «Թող Լեռնային Ղարաբաղում խաղաղություն լինի», գրում է պարբերականը: