Բաժիններ՝

Էկումենիկ աղոթքի մասնակիցներն աշխարհին խաղաղություն, իսկ Պապին երկարակեցություն են խնդրել

Երևանի Հանրապետության հրապարակում Հռոմի պապի, Ամենայն Հայոց կաթողիկոսի և այլ բարձրաստիճան հոգևորականների մատուցմամբ միասնական աղոթքին խաղաղության խնդրանքով մասնակցում են հազարավոր հայեր: «Արմենպրես»-­ը զրուցել է նրանցից մի քանիսի հետ:

Վազգեն Բարխուդարյան

Ստեփանավանից հատուկ եկել եմ Հռոմի պապին տեսնելու, աղոթելու: Նա ժամանել է Հայաստանի Հանրապետության 25-­ամյակի կապակցությամբ` նախագահի ու մեր կաթողիկոսի հրավերով: Հպարտ եմ, որ խաղաղության, մեր ազգի համար եկել է որպես առաջին քրիստոնյա երկիր: Նրա շնորհիվ աշխարհը մեզ ավելի լավ կճանաչի, նրա գալը աշխարհին ցույց կտա, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք ու պետք է մեզ լավ ճանաչեն: Ես զարմանում եմ, օրինակ, եթե հային հարցնեն անգլիացին ով է, կիմանա, բայց անգլիացին չգիտի հայն ով է: Նրան կասեմ աշխարհի չափ շնորհակալ եմ, որ Ձեզ տեսնում ենք, երկարակեցություն կմաղթեմ: Նա մեր սրտում է, մենք էլ` նրա:

Նարեկ Առաքելյան

Եկել եմ հատուկ Հռոմի պապին տեսնելու: Գիտեմ, որ նա այսօր գնացել է Գյումրի, Ծիծեռնակաբերդ: Եթե նրա հետ խոսեի, կխնդրեի խաղաղություն, առողջություն բոլորին:

Աստղիկ Մարկոսյան

Պապի այցը Հայաստան նոր ճանաչում կբերի մեր ժողովրդին, Հայաստանին: Կարևոր է, որ նա խաղաղություն է քարոզում ամբողջ աշխարհում: Այսօր աղոթքին ուզում եմ ներկա լինել, հաղորդվել: Նրան տեսնելիս ուղղակի կասեի, որ այդպես էլ պարզ ու արդար մնա, հասարակ, արդարամիտ, բարի: Նրան տեսնելուց հետո, հուսով եմ, երազանքներս կիրականան:

Դավիթ Դավոյան

Ինձ համար մեծ նշանակություն ունի, որ Հռոմի պապն այցելել է Հայաստան: Հայաստանի համար կարևոր է, կարող է մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավել: Այս օրերին տարբեր երկրներից եկել են, ես էլ Ռուսաստանից եմ եկել, որ նրան տեսնեմ, նրա հետ աղոթեմ բարության, այն ամենի համար, որ ունենք:

Նրան կասեի, որ առողջ լինի ու շարունակի անել այն, ինչ անում է, բարի, լավ մարդ մնա: Իհարկե, ես բոլոր ընկերներիս ասել եմ արդեն, որ տեսնելու եմ նրան ու անպայման կլուսանկարեմ հեռախոսովս:

Ֆրանցիսկոս Պապը Հայաստան է ժամանել հունիսի 24-­ին Երևանի ժամանակով 15:00­-ին` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով: «Զվարթնոց» օդանավակայանից Պապն ուղևորվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, մասնակցել Բարիգալստի Հրաշափառի արարողությանը: Հռոմի Պապն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ խորանից աղոթք ու քարոզ են հնչեցրել: Պապը հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում, առանձնազրույց ունեցել նրա հետ, ելույթ ունեցել ՀՀ իշխանությունների, հասարակության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Հունիսի 25-­ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և աղոթել: Հռոմի Պապը ՀՀ Նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այնուհետև ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որտեղ հոգևոր դասը կատարել է Բարեխոսական կարգի արարողություն՝ հայցելով այլևս սրբադասված նահատակների բարեխոսությունը: Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության թանգարան­ինստիտուտի պատվո այցելուների գրքում: Պապը Գյումրիում պատարագ է մատուցել լատինական ծեսով` համեմված հայկական շարականներով: Պատարագից հետո Հռոմի պապը` հրավիրելով Ամենայն Հայոց կաթողիկոսին իր պապոմոբիլ, շրջել է հրապարակում, ողջունել հավաքվածներին, ապա իջել, մի քանի րոպե էլ հետիոտն շփվել հավատացյալների հետ և մեկնել Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսանոց:

Հունիսի 26-­ի առավոտյան Մայր Աթոռում բաց խորանի մոտ տեղի կունենա պատարագ, որը կմատուցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան քահանայապետի հաղորդակցությամբ: Այնուհետև տեղի կունենան մի շարք միջոցառումներ Մայր Աթոռում, որից հետո Սրբազան քահանայապետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը` Խոր Վիրապ, որտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ և դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվի: Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան` Հռոմ վերադառնալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս