Բաքուն 60 ATAK ռազմական ուղղաթիռ է գնել Թուրքիայից
Ադրբեջանի ռազմական ինքնաթիռներն իրարանցում են առաջացրել Թուրքիայի Օրդու մարզի բնակիչների շրջանում: Տեղացիները մտածել են, թե սկսվում է «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալների դեմ հակաահաբեկչական օպերացիայի հերթական փուլը:
Մարզում վերջին մի քանի ամսում թուրքական բանակը պայքար է մղում քուրդ զինյալների դեմ՝ օգտագործելով ուղղաթիռներ:
Տեղացիները տեսագրել են 5 ուղղաթիռները ու տեսագրությունը տեղադրել համացանցում, որտեղ դա բուռն քննարկումներ է հարուցել:
Ինչպես նշում է CNN Türk-ը, ավելի ուշ պարզվել է, որ ուղղաթիռները պատկանում են Ադրբեջանի ռազմաօդային ուժերին և պարզապես անցել են այդ հատվածով:
Միևնույն ժամանակ, Haber61-ը գրում է, որ ուղղաթիռների թիվը եղել է ոչ թե 5, այլ 6, և նրանք նույն օրը վայրէջք են կատարել Տրապզոնի օդանավակայանում:
Պարբերականը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի ապրիլյան մարտերից հետո Ադրբեջանը սկսել է ուժեղացնել իր ռազմաօդային ուժերն ու այդ նպատակով Թուրքիայից ձեռք է բերել 60 ATAK ռազմական ուղղաթիռներ:
«Մյուս կողմից՝ Ադրբեջանն ուղղաթիռներ է գնում Եվրոպայից: Առաջին խմբաքանակն ուղարկվել է Ադրբեջան: Այդ ուղղաթիռները վերալիցքավորվել են Տրապզոնում և այնտեղից ուղևորվել Ադրբեջան»,- գրում է պարբերականը: