«Երևի 2 իսկանդեր հրթիռ էլ է եղել, դրա մասին չեն ասում, այդ իսկանդերների պուլտն էլ երևի Ժիրայր Սէֆիլյանի մոտ է եղել»

«Ժիրայր Սէֆիլյանն իշխանություններին ինչ-որ հարցով խանգարել է, այսինքն՝ ինչ-որ գործընթացներ են հավանաբար սպասվում, որի պարագայում ինքը կարող է խանգարող լինել, քանի որ անցած մարտական ուղի ունի, նաև ազատամարտիկներին համախմբելու կարողություն, և երևի այդ առումով խանգարել է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությունը:

Նրա կարծիքով՝ դա չի կարող կապված լինել Հարկային օրենսգրքի կամ Ընտրական օրենսգրքի հետ, դա կարող է կապված լինել Արցախի բանակցությունների, անվտանգության հետ. «Երևի ինչ-որ խնդիր կա իրեն չեզոքացնելու առումով, որովհետև մենք նմանատիպ խնդիր տեսանք անցած տարի, 1 տարի շարունակ ձգձգվում է ինչ-որ մի քննություն, որի արդյունքում ոչ մի բան չկա, ընդամենը կարճ ժամանակով ձերբակալեցին նրան, ազատությունից զրկեցին, նաև անցած տարի սահմանադրական հանրաքվեի հետ կապված ահաբեկչական խումբ էին փորձում կապել Սէֆիլյանի հետ, բայց այդ ծրագիրն էլ կարծես չստացվեց»:

Անդրադառնալով Ժ.Սէֆիլյանի մոտ հայտնաբերված զենքին՝ Ա.Մարտիրոսյանը հեգնեց. «Դա ամբողջական ինֆորմացիա չէ, երևի թե 2 իսկանդեր հրթիռ էլ է եղել, դրա մասին չեն ասում, այդ իսկանդերների պուլտն էլ երևի Ժիրայր Սէֆիլյանի մոտ է եղել»:

Թե ինչո՞վ կավարտվի այս պատմությունը, Ա.Մարտիրոսյանը դժվարացավ ասել. «Եթե այլ իրավիճակ, այլ պարագաներ, այլ հասարակություն լիներ, կասեի՝ իշխանափոխությամբ, բայց այդ դեպքում իշխանափոխություն շուտ պետք է լիներ, դրա համար չեմ կարող ասել, ինչպես կավարտվի: Հավանաբար՝ ինչպես նախորդ անգամ, երբ մի քանի ամիս նստեցրին, հետո հանեցին, կամ մի քանի տարի առաջ, երբ Արցախի կողմից պաշտոնապես նվիրված ատրճանակն անօրինական զենք համարեցին ու 1-2 տարի բանտարկեցին: Անօրինական, առանց արդարադատության երկիր է, ինչ ասես կարող է լինել»:

Տեսանյութեր

Լրահոս