«Ձերբակալության պատճառն այն է, որ Սէֆիլյանը պատրաստ է և գործանական քայլեր է կատարում, որ ետ բերի հողերը». «Հիմնադիր խորհրդարանի» անդամ
«Քննչականի հայտարարությունը բառիս բուն իմաստով սուտ է, սա ռեժիմի հոգեվարքի արդյունք է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Սյուզան Սիմոնյանը՝ մեկնաբանելով Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությունը:
Ըստ նրա՝ ձերբակալության պատճառն այն է, որ Սէֆիլյանը պատրաստ է և գործանական քայլեր է կատարում, որ ետ բերի հողերը. «Իսկ քանի որ այսօր էլ արդեն երկրի նախագահի աթոռը զբաղեցրած անձը գնացել է խոստումներ տալու Պետերբուրգում, դրա համար մեկուսացնում են, որպեսզի որևէ մեկը չխանգարի իրենց»:
Ս.Սիմոնյանը նշեց, որ ուժայինները դուռը կոտրել, մտել են Սէֆիլյանի տուն, նրան տարել են և գնացել են ՇԱԳԱՄ («Շուշիի առանձնակի գումարտակիազատամարտիկների միավորում»), այնտեղ են խուզարկություն կատարում:
Ըստ նրա՝ Սեֆիլյանը իշխանության համար սպառնալիք է այնքանով, որ Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ նա որևէ կերպ թույլ չէր տալու, որ մեր հողերը մաս-մաս հանձնի. «Սերժը խոստումներ է տվել: Սա բոլորին է հայտնի, իսկ այսքան բաներից հետո արդեն գաղտնիք չէ, որ այս ամենը պայմանավորվածության արդյունքում էր, արդեն վերլուծաբաններն են խոսում դրա մասին: Այնպես որ՝ Սէֆիլյանին պարզապես մեկուսացնում են, որպեսզի իրեն խանգարող չլինի»:
Անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի տարածած հայտարարությանը, որ Սէֆիլյանի ավտոմեքենայում զենք են հայտնաբերել, Ս.Սիմոնյանը նշեց, որ ամեն մի գրվածին հավատալ չի կարելի. «Սա հերյուրանք է և սուտ է: Ես չեմ կարծում, որ նման բան եղած լինի»:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում 2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորն ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վարորդի, ուղևորի ինքնությունը, ինքնաձիգների շրջանառության հանգամանքները:
Մասնավորապես՝ քրեական գործի շրջանակներում համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում:
2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած վերը նկարագրված ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում էլ հայտնաբերվել են Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը:
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար, ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են ինչպես գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցնելով, այնպես էլ՝ խմբի անդամների խոստովանական ցուցմունքներով:
Մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: