Սիրիայի ընդդիմությունը թուրք սահմանապահներին մեղադրել է 11 փախստականի սպանության մեջ
Սիրիայի ընդդիմության ազգային կոալիցիան հայտարարել է, որ թուրք սահմանապահները գնդակահարել են 11 փախստականի, որոնք փորձել են հատել թուրք-սիրիական սահմանը և կոչ է արել անհապաղ հետաքննել է այդ դեպքը:
Ընդդիմադիրները հայտնել են իրենց կայքում, որ թուրք սահմանապահները նախօրեին գնդակահարել են 11 սիրիացու, որոնք փորձել են Սիրիայի Իդլիբ նահանգում ընթացող ռազմական գործողություններից փախչել Թուրքիա:
Sky News Arabia-ն հայտնել է, որ սպանվածները եղել են 1 ընտանիքի անդամներ, որոնց թվում եղել են կանայք և երեխաներ:
«Մենք ցավով ենք իմացել թուրքական ժանդարմերիայի կողմից 11 սիրիացու սպանության մասին, որոնք փորձել են մուտք գործել Թուրքիայի տարածք»,- հայտնել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան:
«Մենք պահանջում ենք բարեկամական Թուրքիայի կառավարությունից անհապաղ հետաքննել այդ դեպքը, պարզել հանգամանքներն ու գտնել պատասխանատուներին»,- հայտարարել են ընդդիմադիրները: