![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփը պարտված մրցակիցներին մեղադրել է իր դեմ խռովություն կազմակերպելու մեջ
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/donald-trump_640x420.jpg)
Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախկին մրցակիցները, հիասթափված Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու իր իրավունքից, վերջին ջանքերն են գործադրում, որ իրեն խանգարեն դառնալ պաշտոնական թեկնածու:
Ելույթ ունենալով Լաս Վեգասում, Թրամփը հիշատակել է «խռովարարների ինչ-որ խմբի մասին», որը, ինչպես նա է պնդում, կձգտի իրեն թողնել առանց հուլիսին կայանալիք կուսակցական համագումարի պատվիրակների ձայների:
«Կա մի քանի պարտված մարդ, ու նրանք պատրաստվում են պատվիրակների ինչ-որ խռովություն կազմակերպել: Կարծում եմ՝ նրանք արդեն դա հասցրել են անել»,- հայտարարել է Թրամփը:
Նա կոնկրետ անուններ չի նշել, սակայն սպառնացել է, որ եթե Հանրապետական կուսակցության անդամներն իր շուրջը չհամախմբվեն, ապա ինքը կդադարեցնի միջոցներ հավաքել հանրապետականների ընտրական արշավի համար և կզբաղվի իր քարոզարշավի ֆինանսավորմամբ:
Ելույթի ընթացքում, որը ունկնդրել է մի քանի հազար մարդ, Թրամփը մի քանի անգամ անդրադարձել է իր դեմ հյուսված դավադրությանը, հաղորդում է BBC-ն: