Հարկային օրենսգիրքը սպառնում է հանքարդյունաբերությանը
Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի քննարկումների ժամանակ մասնավոր զրույցներում ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ մտահոգություն էին հայտնում նաև հանքարդյունաբերության ոլորտի կարգավորումների փոփոխությունների հետ կապված: Խնդիրն այն է, որ Հարկային օրենսգրքի ներկայիս տարբերակով հանքարդյունաբերության հարկումը կտրուկ բարձրացվում է:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը 168.am-ի հետ զրույցում մտահոգություններ հայտնեց այս խնդրի հետ կապված: «Առայժմ նախագծում որոշակի հարցադրումներ կան, որոնք կարգավորման մեխանիզմներով անհրաժեշտ է պարզեցնել»,- ասաց նա:
Ըստ Այվազյանի` հանքարդյունաբերության հարկման հիմնական չափորոշիչը հանդիսանում է ռոյալթին, որի հաշվարկի բանաձևը չի փոխվում. «Եթե կարգավորման մեխանիզմների մեջ հետագայում հարկային մարմինը նույն մեկնաբանությունը տվեց, ինչ նախկինն էր, ուրեմն ոչինչ չի փոխվի, եթե ինչ-որ բան ներառեն, կբարձրանա: Դրա համար մենք հիմա պահանջելու ենք, որ օրենքի մեջ գրեն, որ հետագայում փոփոխության չենթարկվի»:
Նշենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի նախնական նախագծով նախատեսվում է 2018 թ. ռոյալթիի հաստատագրված մասը 4 %-ից բարձրացնել 5 %-ի, իսկ 2020 թ. հասցնել 6 %-ի: Հայաստանը դրա հետևանքով կհայտնվի ամենաբարձր հարկային դրույքաչափեր ունեցող երկրների խմբում, ինչը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունների համար: