![](/banners/BeFunky-design.jpg)
«Իշխանությունը վերջապես հասկացավ, որ դատարկ խոստումներով գյումրեցիներին կերակրել հնարավոր չէ». Մարտուն Գրիգորյան
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/Martun-Grigoryan.jpg)
«Մեր գյումրեցիների համար պայքարի արդյունքում իշխանությունը վերջապես ընկալեց, հասկացավ, որ դատարկ խոստումներով գյումրեցիներին կերակրել հնարավոր չէ, գյումրեցիների ականջը շոյել հնարավոր չէ, որի համար շնորհակալ եմ: Դա վերաբերում է նաև մնացած քաղաքական ուժերին, որ դատարկ խոստումներով, կամ ընտրություններից ընտրություն ակտիվանալով, գյումրեցիների թասիբը, նամուսը, պատիվը հիշելով, կոչ անելով՝ չեն կարող գյումրեցիների ուշադրությունը շեղել: Գյումրեցիներն ամեն ինչ շատ լավ հասկանում են»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
Նախագծով, հիշեցնենք, նախատեսվում է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 15 տարի ժամկետով Հայաստանին կտրամադրի 14.6 մլն դոլար գումարի չափով վարկ՝ Գյումրի քաղաքում անվտանգ երթևեկության կազմակերպման համար բարեկարգ փողոցներ և էներգախնայող արտաքին լուսավորության ցանց կառուցելու համար:
Մ.Գրիգորյանը նշեց, որ կիսում է մտահոգությունը՝ վարկերի և արտաքին պարտքի մեծանալու հետ կապված, բայց որպես գյումրեցի՝ կոչ արեց ընդունել նախագիծը: «Գյումրին հանրապետության երկրորդ քաղաքն է, բայց մինչ օրս` 28 տարի անց, Գյումրին ունի տնակային ավտոկայարան, որը հասկանալի է, էս ամեն ինչն անում ենք տուրիզմի համար, որ գրավիչ լինի Գյումրի քաղաքը, բայց համաձայնեք, որ յուրաքանչյուր տուրիստ, որ գալիս է Գյումրի, առաջինը թիթեղյա ավտոկայարանն է տեսնում»:
Պատգամավորի կարծիքով` 150-160 հազար դոլարով կարելի է կառուցել նորմալ, ներկայանալի ավտոկայարան: