Բաժիններ՝

Ֆրանսիայի մեր հայրենակիցներն աջակցել են ապրիլյան պատերազմում զոհված գյումրեցի հերոսների ընտանիքներին. Galatv.am

Galatv.am. Ֆրանսիայի Պուատիե քաղաքում ապրող մեր հայրենակիցները դրամահավաք են իրականացրել ապրիլյան պատերազմում զոհված ծնունդով գյումրեցի հերոսների ընտանիքներին աջակցելու նպատակով: Հավաքագրված գումարի մի մասը տրամադրեցին ապրիլի 2-ին Ջեբրայիլի թեժ մարտերի ժամանակ զոհված գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքին: Առաքելյանները հյուրերին պատմեցին, որ երբ իրենց որդին տեղեկացել է թշնամու հարձակման մասին, սպայական կազմի մյուս ներկայացուցիչների հետ ՈՒԱԶ մակնիշի մեքենայով բարձրացել է դիրքեր՝ չիմանալով, որ բարձունքն արդեն հակառակորդի ձեռքին է, եւ հայտնվել են շրջափակման մեջ:

Ինչպես պատմել են նրա մարտական ընկերները, մոտ 4 ժամ շարունակ փոխգնդապետ Առաքելյանն իր խմբի հետ կռիվ է տվել, կանխել թշնամու հետագա առաջընթացը: Կռվի ընթացքում նա վիրավորվել է, սակայն չի նահանջել, փոխարենը զինվորներին է հետ ուղարկել ու ինքն էլ հերոսաբար նահատակվել:
Իրականացված դրամահավաքին իրենց ներդրումն են ունեցել 5 տասնյակից ավելի ֆրանսահայ ընտանիքներ: Գումար փոխանցվեց նաեւ Թալիշի թեժ մարտերի ժամանակ զոհված Վլադիմիր Մելքոնյանի ընտանիքին: Մելքոնյաններն ապրում են սոցիալական վատ պայմաններում, չունեն նաեւ իրենց սեփական բնակարանը: 2 ամիս էր մնացել Վլադիմիրի ծառայության ավարտին:

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշի թեժ մարտերում հերոսաբար զոհված 23-ամյա ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի հարազատներն էլ պատմեցին, որ օրերս հանդիպել են Մերուժանի հետ կռված վիրավոր տղաների հետ, ովքեր մանրամասներ են պատմել ապրիլյան քառօրյա պատերազմից, զոհված հերոսների սխրագործություններն անգնահատելի համարել:

Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ընտանիք եւս այցելեցին: Մայրը՝ տիկին Անահիտը, պատմեց, որ այսօր Հրաչի դուստրը՝ Անահիտը, դարձավ 40 օրական: Որդին անհամբեր սպասում էր դստեր լույս աշխարհ գալուն, հիմա փոքրիկին մեծացնում են առանց հոր սիրո եւ գուրգուրանքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս