Բաժիններ՝

«Ազգային մեծ երազի ճանապարհին դուք ունեք կարևոր անելիք». Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Լևոն Մկրտչյանն առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի 2015-16 ուսումնական տարվա հաղթողներին հանձնել է ԿԳՆ առաջին կարգի դիպլոմներ:

Շնորհավորելով օլիմպիադայի հաղթողներին՝ ԿԳ նախարարն ընդգծել է օլիմպիական շարժման կարևորությունը և նշել. «Ընդհանրապես երկու բան կյանքում չափազանց անհրաժեշտ է. առաջին. դուք պետք է ունենաք ձեր անձնական ազատությունը և ընդհանուր զարգացածության նշաձողը և երկրորդը. 21-րդ դարում առավել կարևոր է՝ մասնագիտական նախընտրությունների ձևավորումը, որը հնարավորություն կտա ձեր աշխարհընկալումն ուղղորդել ճիշտ ճանապարհով:

Սեփական աշխարհընկալումն ունենալու համար ձեզանից յուրաքանչյուրը նախ պետք է հասկանա, թե որտեղից է գալիս և ուր է գնում: Օլիմպիական ճանապարհի այս փուլում դուք դարձել եք հաղթող և արձանագրել լուրջ հաջողություն, հետևաբար ձեզանից յուրաքանչյուրը, դառնալով հաղթող, ունի պատասխանատվություն ոչ միայն անձնական այլև ընդհանրական ճանապարհի համար, որով անցնելու է ձեր սերունդը: Որպես օլիմպիական շարժման ջահակիրներ՝ դուք ձեր հաղթանակների լույսը պետք է փորձեք տարածել ձեր շուրջը:

Դուք մեր հանրապետության ապագան եք, և ես վստահ եմ, որ այն խնդիրները, որոնք այսօր լուծված չեն, լուծվելու են ձեր կողմից: Մեր ազգային մեծ երազի ճանապարհին դուք ունեք կարևոր անելիք, որովհետև դուք արդեն հաղթող եք և պարտավորություն ունեք գնալ հաղթանակի ճանապարհով՝ ձեզ հետ միասին տանելով ձեր կողքին գտնվող ընկճված ու հուսահատված ընկերոջը: Եթե մեկ անգամ հաղթում ես, պետք է անընդհատ հաղթես՝ սա իմ գլխավոր մաղթանքն է ձեզ» ,- իր խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը:

Նախարարը նաև հույս է հայտնել, որ հանրապետական օլիմպիադայի հաղթողներից ձևավորված միջազգային առարկայական օլիմպիադաների ազգային հավաքականները, որոնք կմասնակցեն հուլիսի 8-ից մեկնարկող միջազգային առարկայական օլիմպիադաներին, շարունակելով արդեն ձևավորված ավանդույթը, այս տարի ևս կունենան լուրջ հաջողություններ:

Նշենք նաև, որ այս տարի դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի, Երևանի և Լեռնային Ղարաբաղի 1492 դպրոցականներ: Նրանցից 74-ն արժանացել են առաջին կարգի, 105-ը՝ երկրորդ կարգի, 136-ը՝ երրորդ կարգի դիպլոմների:

Օլիմպիադաներն անցկացվել են 16 դպրոցական առարկաներից՝ 3 փուլերով (համայնքային, մարզային կամ քաղաքային, հանրապետական):

Ընդհանուր առմամբ միայն բնագիտական 7 առարկաներից օլիմպիադաների 3 փուլերին մասնակցել են ավելի քան 45 հազար դպրոցականներ:

Կից ներկայացնում ենք դպրոցականների առարկայական օլիմպիադայի 2015-2016 ուսումնական տարվա հանրապետական փուլերի մասնակիցների թիվը՝ ըստ առարկաների և հաղթողների անունների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս