
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի շինաշխատանքներն ավարտին կհասցվեն 2020 թվականին

Ներկայում նախապատրաստվում է Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը, որի նպատակն է` հիմնանորոգել և արդիականացնել Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի հետ կապող շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղին: Այդ մասին նշված է կառավարության Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում հաղորդակցուղիների տեղափոխման նախագծային աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայության գնման գործընթացներ կազմակերպելու մասին որոշման նախագծում, որը քննարկվելու է գործադիրի հունիսի 16-ի նիստի օրակարգում:
Նախնական գնահատմամբ` ծրագրի համար վարկային ներդրումները կկազմեն 102 մլն եվրո: Ծրագիրը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից: 2016 թվականի հունվարի 26-ին Երևանում և 2016 թվականի հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրվել է Եվրոպական Ներդրումային Բանկի և Հայաստանի Հանրապետության միջև ֆինանսավորման պայմանագիրը, իսկ Ասիական զարգացման բանկի հետ ընթանում են քննարկումներ Ծրագրի վարկային համաձայնագրի նախագծի շուրջ:
Նախատեսվում է ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն իրականացնել շուրջ 36 ամիս՝ 2017-2020թթ. ընթացքում:
Ճանապարհի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են իտալական «Լոտտի Ինժեներիա կազմակերպության կողմից՝ վերջինիս և Եվրոպական Ներդրումային Բանկի միջև կնքված պայմանագրի համաձայն: Կազմված նախագիծը ներառում է միայն ճանապարհահատվածի՝ ներառյալ կամուրջների, թունելների վերականգնման աշխատանքները, սակայն ճանապարհին առկա հաղորդակցուղիների (գազատար, կապի մալուղ, ջրագիծ) տեղափոխման աշխատանքների վերաբերյալ նախագծանախահաշվային փաստաթղթեր չեն մշակվել: