Բաժիններ՝

Զինծառայող Կամո Մարտիրոսյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողի

Զինծառայող Կամո Մարտիրոսյանի մահվան դեպքի առթիվ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջացառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողի:

Նախնական քննության տվյալներով՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կամո Մարտիրոսյանը 14.03.2016 թվականին` ժամը 16:00-ի սահմաններում, իր ծառայության վայրում իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով ինքն իրեն ստորին ծնոտի շրջանից պատճառել է միջանցիկ մահացու հրազենային վիրավորում:

Դեպքի առթիվ նույն օրը Քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննություն կատարելու համար ստեղծվել է քննչական խումբ, իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ:

Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, մարտական հենակետում ծառայության նշանակված բոլոր զինծառայողներին ամրակցված զենք-զինամթերքի զննում, կատարվել են առգրավումներ: Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, մասնավորապես՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն, դատաձգաբանական, դատակենսաբանական, դատահամակարգչատեխնիկական, դատաձգաբանական և դատահետքաբանական (մատնադրոշմային) համալիր փորձաքննություն: Հարցաքննվել են մի շարք անձինք:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ դեպքին նախորդած ժամանակահատածում զինծառայող Կ.Մարտիրոսյանին պարբերաբար վիրավորանք է հասցվել համածառայակիցների կողմից՝ տարբեր պատճառներով հնչեցվել հայհոյանքներ, վիրավորական այլ արտահայտություններ։ Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 5 զինծառայողի, որոնցից 4-ը՝ պարտադիր ժամկետային, իսկ 1-ը՝ պայմանագրային, առաջադրվել են մեղադրանքներ։ 2 ժամեկտային զինծառայողի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով (Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից), 2 ժամկետային զինծառայողի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի), ինչպես նաև՝ պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ)։ Պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտին մեղադրանք է ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) և 375-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը)։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս