ԵԱՀԿ-ն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպման նախապատրաստությանը
ԵԱՀԿ-ն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով եռակողմ հանդիպման նախապատրաստության աշխատանքներին: Այս մասին TASS-ի հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ-ի մամուլի հետ կապերի բաժնի վարիչի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը:
Նա հրաժարվել է այլ մեկնաբանություններից և չի պատասխանել հանդիպման անցկացման հնարավոր ժամկետի վերաբերյալ հարցին:
«ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովի կազմակերպմանը, և մենք չենք կարող այն մեկնաբանել»,- ասել է նա՝ հավելելով, թե «որքանով տեղյակ ենք, այն հրավիրվում է Ռուսաստանի նախաձեռնությամբ»:
«Այդկերպ, դուք պետք է ձեր հարցերն ուղղեք ռուսական իշխանություններին»,- ասել է նա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովն այսօր հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Պետերբուրգում առանձին հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, իսկ հետո տեղի կունենա եռակողմ հանդիպում Ղարաբաղի հարցի շուրջ:
«Հունիսի 20-ին Պետերբուրգում պլանավորվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ բանակցություններ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ: Ենթադրվում է, որ նախ՝ Պուտինն առանձին հանդիպումներ կունենա Սարգսյանի և Ալիևի հետ, ապա երեք նախագահները միասին կբանակցեն»,- ասել է Ուշակովը:
«Բնականաբար, մեր կողմից ձեռնարկվելու է ակտիվ փորձ՝ օժանդակել կողմերին հակամարտության կարգավորման հարցում: Մենք արդեն խաղացել ենք, կասեի անգամ, որ վճռորոշ դեր ենք ունեցել ռազմական գործողությունների դադարեցման հարցում, որոնք ընթանում էին»,- ասել է Ուշակովը: