ՀՕՊ համաձայնագիրը չի ընդգրկվել ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում
Այսօր հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում չի ներառվել 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» աղմկահարույց համաձայնագիրը: ՀՀԿ խմբակցության ղեակավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ համաձայնագիրը նախորդ քառօրյա նիստերի օրակարգում էր, սակայն հավելեց, թե քառօրյայի օրակարգում շատ նախագծեր են եղել, պարտադիր չէ, որ բոլորն անցնեն արտահերթ նստաշրջանի օրակարգ, և կառավարությունն այս արտահերթ նիստով չէր բերելու այդ համաձայնագիրը. «Ձեր երևակայությունն է դա պարզապես, որ շտապ է, մեկ օրվա, երկու օրվա հարց է»:
Նա վստահեցրեց, թե Ռուսաստանը ժամկետներ չի դրել համաձայնագրի վավերացման համար, և ՀՀ իշխանություններն են որոշում՝ ինչը երբ վավերացնել. «Մեր ժամկետները որոշում ենք մենք, ես խնդրում եմ այդ բանը մի քիչ հղկեք: Եթե կլինի անհրաժեշտություն, դրա մասին տեղյակ կպահենք, մենք չենք շտապում, դուք եք շտապում: Այդ մասին որևէ քննարկում չի եղել, կքննարկենք, հանրության տեղյակ կպահենք»: