ԱՄՆ-ի գիշերային ակումբներից մեկում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի գեյ ակումբներից մեկում տեղի ունեցած ողբերգությունը, որի հետևանքով սպանվել է 50 մարդ, «ահաբեկչություն և ատելության ակտ է», հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Վիրավորների թիվը հասել է 53-ի:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, հարձակում գործած անձը գնդակահարվել է ոստիկանների կողմից: Օռլանդոյի գիշերային ակումբում տեղի ունեցածը զոհերի թվով ԱՄՆ պատմության մեջ ամենազանգվածային հրաձգությունն է:
«Դա ահաբեկչություն էր, ատելության ակտ»,- հայտարարել է Օբաման՝ ելույթ ունենալով հատուկ ուղերձով՝ նշելով, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է հանցագործությունը՝ որպես ահաբեկչություն:
Միևնույն ժամանակ, Օբաման խոստովանել է, որ իրավապահները դեռ չգիտեն հանցագործության կատարման իրական դրդապատճառները:
«Մենք դեռ չգիտենք սպանության ճշգրիտ դրդապատճառը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի է ունեցել կիրակի գիշեր Pulse գիշերային ակումբում: Անհայտ տղամարդը կրակ է բացել հաստատության այցելուների վրա, ապա մարդկանց պատանդ վերցրել: Դեպքի վայր էին ուղարկվել ոստիկանական մեքենաներ, սակրավորներ ու հատուկ ջոկատայիններ: Հանցագործը ոչնչացվել էր իրավապահների հետ փոխհրաձգության հետևանքով: Ոստիկանները կարողացել են ազատել մոտ 30 պատանդի: