
ԱՄՆ-ի գիշերային ակումբներից մեկում հրաձգության հետևանքով սպանվել է շուրջ 20 մարդ

Չարագործը, որը կրակ էր բացել Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի գեյ ակումբներից մեկում, սպանվել է, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Հրաձգության հետևանքով սպանվել է մոտ 20 մարդ: Բժիշկները հենց մայթերի մոտ օգնություն են ցուցաբերել վիրավորներին, որոնք կարողացել են դուրս վազել ակումբից, ինչից հետո նրանցից շատերը տեղափոխվել են հիվանդանոցներ:
Pulse կոչվող ակումբի մի քանի այցելու թաքնվել էր արտիստների գրիմանոցում ու Twitter-ում գրառում կատարել ակումբից լսվող կրակոցների մասին: Ականատեսները հայտնում են, որ ընդհանուր առմամբ հնչել է մինչև 40 կրակոց:
«42 մարդ հոսպիտալացվել է, մոտ 20 մարդ սպանվել է ակումբում»,- հայտնել է քաղաքի ոստիկանապետ Ջոն Մինան մամուլի ասուլիսի ժամանակ: Հարձակվողն իր հետ ունեցել է ինքնաձիգ և ատրճանակ:
Դեպքի վայր էին ուղևորվել ոստիկանական մեքենաներ, սակրավորներ ու հատուկ ջոկատայիններ: Իշխանությունները կատարվածը բնութագրել են որպես «տեղական ահաբեկչություն»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձինք հրաձգություն են բացել ու պատանդներ վերցրել Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում: