ՔՊ-ն շարունակում է իր գործունեությունը Վանաձորում. Արայիկ Հարությունյան
«Մենք 2 շաբաթ է՝ արդեն չունենք Վանաձորի տարածքային կառույց, լուծարել ենք»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը` խոսելով ՔՊ Վանաձորի տարածքային արդեն նախկին կառույցի խորհրդի անդամների կողմից տարածված հայտարարության մասին, որում դժգոհություն հայտնվում կուսակցության վարչության գործելաոճի և անդամակցությունը դադարեցնելու մասին:
«Իրենց հայտարարությունը չենք մեկնաբանում, որովհետև իրենք տարածքային կազմակերպություն չեն»,- ասաց Ա.Հարությունյանը՝ ուշադրություն հրավիրելով, որ հենց հայտարարության հեղինակները իրենք են գրել, որ տարածքային կառույցը լուծարված է:
Ա.Հարությունյանը նշեց, որ անկախ այդ կառույցի լուծարումից, ՔՊ-ն շարունակում է իր գործունեությունը Վանաձորում և պատրաստվում է մասնակցել ՏԻՄ ընտրություներին: Ըստ նրա՝ գործում է ՔՊ գրասենյակը. «Տարածքային կառույցն էլ դե յուրե կձևավորվի առաջկայում, կձևավորվի նաև նախընտրական շտաբ ՏԻՄ ընտրությունների հետ կապված»:
Նշենք, որ ՔՊ Վանաձորի լուծարված տարածքային կառույցի անդամներն իրենց հայտարարության մեջ նաև ողջունում են «Ալյանս» կուսակցության կողմից առաջարկվող դաշինքի գաղափարը, իրենց աջակցությունն են հայտնում և կոչ են անում բոլոր ընդդիմադիր ուժերին համախմբվել ընտրություններում մեկ դաշինքով հանդես գալու գաղափարի շուրջ: